ԱԻՆ-ի 280 աշխատակիցներ կմնան անգործ. ցանկության դեպքում կարող են մրցույթի մասնակցել և համալրել ՆԳՆ շարքերը

Այս տարվա սկզբից ՀՀ հասարակական-քաղաքական և իրավական կյանքում հայտնվեց նոր կամ լավ մոռացված հին կառույց՝ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), միայն թե այս անգամ՝ ընդլայնված կազմով:

Հունվարի սկզբից գործողության մեջ դրված ՆԳՆ-ն ներառում է նաև  երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն և միգրացիոն և քաղաքացիության հարցերով ծառայություն:

Փաստացի և օրենսդրորեն վերանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), որն այս պահին դեռևս շարունակում է գործել:

168.am-ն այս առնչությամբ օրերս ահազանգ ստացավ, որ ԱԻՆ-ի զգալի թվով՝ շուրջ 470 աշխատակիցներ կանգնած են կրճատման վտանգի առաջ:

Սա շատ նման է այն իրավիճակին, երբ լուծարելով Սփյուռքի նախարարությունը և ստեղծելով անհասկանալի գործառույթներ ունեցող Սփյուռքի կոմիտեն, թվով 90 աշխատակիցներ կորցրեցին իրենց աշխատանքը:

ԱԻՆ աշխատակիցների կրճատման վերաբերյալ մեր ստացած ահազանգը վերահասցեագրեցինք ԱԻՆ՝ լրատվական ծառայությունից փորձելով ճշտել՝ արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

ԱԻՆ-ից մեզ նախ ասացին, որ այս պահին ԱԻՆ-ի աշխատակիցների թիվը 280 է՝ հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ում կան նաև ենթակա կառույցներ՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը:

«Այն կառույցները, որոնք ԱԻՆ-ի լուծարումից հետո կընդգրկվեն ՆԳՆ կազմում, կրճատվող աշխատակիցներ չեն ունենա»,- ասացին մեզ ԱԻՆ-ից:

Ըստ ԱԻՆ-ի՝ մնացած 280-ը ԱԻՆ-ի լուծարումից հետո մնալու են առանց աշխատանքի, սակայն նրանք էլ կարող են մասնակցել ՆԳՆ-ում ստեղծվելիք հաստիքների նպատակով անցկացվող մրցույթներին ու համալրել դրանք:

«Ընդ որում, մրցույթների նրանք կարող են մասնակցել մինչև աշխատանքից զրկվելը: Զուգահեռաբար կարող են մասնակցել ՆԳՆ-ի հաստիքների համալրման մրցույթին և այն հաղթահարելու դեպքում դառնալ ՆԳՆ աշխատակիցներ»,- ասացին ԱԻՆ-ից:

Ստացվում է, որ փաստացի ԱԻՆ-ի 280 աշխատակից կանգնած է աշխատանքը կորցնելու անխուսափելի և իրական ապագայի առաջ, ու նրանց առաջարկվում է անորոշ սցենար՝ խիստ կասկածելի հեռանկարով:

Թե 280-ից քանիսի՞ համար կգտնվեն համապատասխան հաստիքներ, ու նրանցից քանի՞սը կդառնան ՆԳՆ աշխատակից, այս պահին բարդ է ասել, սակայն փաստ է, որ ունենալու ենք գործազուրկ պետական ծառայության աշխատակիցների հերթական պատկառելի խմբաքանակը:

Իսկ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու արվեստին այս իշխանությունները տիրապետում են այնպես, ինչպես ոչ ոք:

Տեսանյութեր

Լրահոս