Ինչո՞ւ են որոշ երկրների փրկարարական խմբերը ժամանակից շուտ լքում Թուրքիան
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող Իսպանիայի ու Սլովակիայի թիմերը որոշել են վերադառնալ իրենց երկրներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսպանական RTVE հեռուստաալիքին տված հարցազրույցում փրկարարներն իրենց որոշումը պատճառաբանել են թուրքական կառավարության՝ շին մեքենաներով/տրակտորներով փլատակներում աշխատելու որոշման հետ:
«Թուրքիայի կառավարությունը որոշել է շինարարական սարքավորումներով մտնել փլատակներ: Բայց մեքենաները սպանում են մարդկանց: Դա մարդկանց մահն է նշանակում: Մենք չենք լինի դրա մի մասը»,- Ադանայի օդանավակայանում տված հարցազրույցում ասել է Պեդրո Ֆրուտոս անունով մի իսպանացի փրկարար:
Ավելի վաղ էլ աղետի գոտում անվտանգային միջավայրի վատթարացման հիմնավորմամբ աշխատանքները դադարեցրել և իրենց տեղակայման բազա են վերդարձել Ավստրալիայի ու Գերմանիայի փրկարարական խմբերը:
Փետրվարի 12-ին էլ Իսրայելի 25 հոգանոց քաղաքացիական որոնողափրկարարական խումբը մասնավոր ինքնաթիռով հեռացել էր Թուրքիայից: