Ոչ միշտ է հնարավոր ռազմական ուժով օպերացիա իրականացնել «հիվանդությունը» վերացնելու նպատակով. Սիդորովը՝ ՀԱՊԿ-ի՝ ՀՀ-ում գործողությունների մասին
«ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղըզստանում»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանում այս տարի նախատեսվող զորավարժությունների մերժման հանգամանքին:
Անատոլի Սիդորովը հիշեցրեց, որ հունվարի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս տարի ցանկալի չէ զորավարժություն ՀՀ-ում:
«Ես չեմ մեկնաբանի երկրի ղեկավարի հայտարարությունը, և դա յուրաքանչյուր երկրի իրավունքն է՝ այս կամ այն իրավիճակով պայմանավորված, հրավիրել կամ զորավարժության անցկացման վայրը փոխել: Առաջինը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ խաղաղապահ զորավարժություններն այս տարի միանշանակ անցկացվելու են: Մեր կողմից ՀԱՊԿ անդամ երկրներին առաջարկ եղավ, թե ո՞վ է պատրաստ ընդունել նման զորավարժություններ, և շատ արագ արձագանք եղավ Ղրղըզստանի Հանրապետությունից»,- ասաց Սիդորովը՝ շարունակելով, որ ՀԱՊԿ-ն ունեցել է նման դեպքեր, երբեք դրանից ողբերգություն չեն սարքել և մշտապես լուծումներ են գտել:
Նա նաև ասաց, որ եթե հանկարծ Կովկասում իրավիճակը պահանջի ՀԱՊԿ միջոցների ու ուժերի ներգրավում, իսկ դա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշելիքն է, ապա փորձը կա, պլանը՝ ևս:
«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն աջակցել Կովկասյան ռեգիոնում իրենց դաշնակցին, իրենց եղբորը: Այն, որ ԶԼՄ-ներում գրվում է, որ ՀԱՊԿ-ը չի աջակցում, ապա կասեմ, որ կան տարբեր ռազմաքաղաքական իրավիճակներ, և ոչ միշտ է հնարավոր ռազմական ուժով իրականացնել օպերացիա՝ «հիվանդությունը» վերացնելու նպատակով, պետք է նաև այնպես անել, որպեսզի չվնասել: Բայց մաքսիմալ փորձում ենք հետևել իրավիճակին:
Գաղտնիք չէ, որ անցյալ տարի սեպտեմբեր ամսին, երբ տեղի ունեցան վատ իրադարձություններ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ավելին՝ այնտեղ եղան զոհեր թե զինծառայողների, թե խաղաղ բնակչության շրջանում, և տարածքային կորուստներ, սպառազինության ու տեխնիկայի կորուստ, անցկացվեց ՀԱՊԿ արտահերթ նիստ, որտեղ որոշում կայացվեց անմիջապես առաքելություն ուղարկել այնտեղ:
Հենց ՀԱՊԿ նիստի հաջորդ օրը ես շտաբի ներկայացուցիչների մի խմբի հետ մեկնեցի այնտեղ և մենք հնարավորինս օբյեկտիվ փորձեցինք իրավիճակի վերլուծություն անել և ներկայացրինք զեկույց ՀԱՊԿ երկրների ղկեավարներին առաքելության աշխատանքների արդյունքում:
Հետո արդեն որոշումը կայացնում են երկրների ղեկավարները, մարդիկ մեզ մոտ չափազանց իմաստուն են, փորձառու, և ես կարծում եմ՝ կանեն ամեն ինչ, որպեսզի վերջնարդյունքում տիրի խաղաղություն Կովկասյան ռեգիոնում»,- ասաց Անատոլի Սիդորովը: