Փաստաբանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել օպերլիազորի հետ, նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ. ՆԳՆ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կապված օրեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում երկու փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի հետ:

Փետրվարի 10-ին մի խումբ փաստաբաններ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն են տարածել, որ փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանն իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ, խոչընդոտել է փաստաբանների մասնագիտական գործունեությանը, հայհոյել փաստաբաններին և մի խումբ օպերլիազորների հետ ծեծի ենթարկել նրանց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի բոլոր հանգամանքները վերջնականապես կպարզվեն նախաքննության արդյունքներով։
Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։

Ծառայողական քննությամբ հայտնի դարձած տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։ Զբոսայգում նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել, սակայն երիտասարդները դրսևորել են անպարկեշտ վարքագիծ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, հրել են օպերլիազորներին, ապա ծեծի ենթարկել նրանց ու գործընկերներին օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 5 երիտասարդ ձերբակալվել է։

Փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են երկու փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։

Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի և բաժնի այլ ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։ Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։

Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում։ Ուստի անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։

Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ անթույլատրելի է իրավիճակային եզակի դեպքերը և դրանց վերաբերյալ գնահատողական մեկնաբանությունները տարածել և մեկնաբանել համակարգային համատեքստում՝ բնութագրելով ողջ համակարգում առկա իրավիճակը, քանի որ ոստիկանները և փաստաբաններն աշխատել և աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ հանուն քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության։ Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում համատեղ աշխատանքի արդյունավետության վրա։

Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Տեսանյութեր

Լրահոս