Իրանի նախագահը կայցելի Չինաստան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ երկուշաբթի երեկոյան Թեհրանից Պեկին կմեկնի, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Նախագահ Ռաիսիի առաջիկա եռօրյա շրջագայությունը տեղի կունենա նրա չինացի գործընկեր Սի Ծինփինի պաշտոնական հրավերով։
Այցի ընթացքում Ռաիսին կհանդիպի Չինաստանի նախագահի հետ։
Երկու երկրների պատվիրակությունները կստորագրեն համագործակցության փաստաթղթեր։
Ռաիսին կմասնակցի նաև իրանցի և չինացի գործարարների համատեղ հանդիպմանը։
Նախագահ Ռաիսիի շրջագայության օրակարգում կլինի Չինաստանում իրանցի գաղթականների հետ հանդիպման կազմակերպումը։
Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է, և ըստ Իրանի մաքսային վիճակագրության 10-ամսյա տցյալների՝ երկիրը իրանական արտահանման գլխավոր ուղղությունն է՝ 12,6 միլիարդ դոլար արժողությամբ:
Այս ընթացքում Իրանը Չինաստանից ներմուծել է նաև 12,7 միլիարդ դոլար։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Պեկին կատարելիք այցի մասին տեղեկությունը հաստատում է նաև չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը։