Գյանջալիևի անհիմն մեղադրանքները վրդովեցրել են ԵԽ պատգամավորներին․ Ռոբերտա Մեցոլան կոշտ նամակ է հղել Սահիբա Գաֆարովային
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային իր խորը վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի մի շարք հայտարարությունների կապակցությամբ։
168․am-ի տրամադրության տակ է հայտնվել տիկին Մեցոլայի՝ այս տարվա փետրվարի 8-ի նամակը Սահիբա Գաֆարովային, որում Եվրախորհրդարանի պատգամավորը, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, մեջբերում է Գյանջալիևի՝ անցյալ տարի դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում հայտնած մեղադրանքներն ուղղված ԵԽ-ին, որն իբրև թե կոռուպցիոն մեխանիզմի միջոցով ֆինանսավորում է ԵԽ անդամներին։
«Առանց ներկայացնելու իր մեղադրանքի համար որևէ հիմնավորում՝ նա պնդել է, որ Լեռնային Ղարաբաղում «ոսկու թալանված հանքավայրերից ստացված եկամուտը մտել է այն անդամների գրպաններ, որոնք քննադատում են Ադրբեջանի գործողությունները»,- գրել է Ռոբերտա Մեցոլան՝ հավելելով, որ Գյանջալիևը նաև թվիթեր ցանցում տարածել է հոդված ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդին ուղղված անձնական թիրախավորմամբ, նրան ևս անհիմն կերպով մեղադրելով կոռուպցիայի մեջ։
«Եվրոպական խորհրդարանը հանձնառու է շարունակել կառուցել լավ հարաբերություններ Միլի Մեջլիսի հետ փոխադարձ հարգանքի ոգով։ Սա կարող է ներառել և հաճախ ներառում է կառուցողական քննադատություն, որը պետք է այնուամենայնիվ հիմնված լինի փաստերի վրա, և ոչ՝ չհիմնավորված ու զրպարտիչ պնդումների վրա։
Այս պատճառով ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ձեռնարկեք հնարավոր բոլոր քայլերը՝ թույլ չտալու համար ապագայում նմանատիպ միջադեպեր»,- գրել է Գաֆարովային ուղղված իր նամակում Ռոբերտա Մեցոլան։