64-ամյա կնոջը թմրամիջոց իրացրած տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Տեղեկության իրացման ակտիվ փուլը սկսվեց փետրվարի 7-ի գիշերը՝ ժամը երեքին: Հենց այդ ժամին նրանք, համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների հետ, Էջմիածնի Արագածի զանգվածում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 64-ամյա մի կնոջ:
Ոստիկաններն արդեն գիտեին, թե նա որտեղից էր ձեռք բերել անձնական խուզարկությամբ մոտից հայտնաբերված մեթամֆետամինի և մարիխուանայի զանգվածներով փաթեթը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, տեղեկությունները հանգամանորեն ճշտվեցին ու հաստատվեցին, և արդեն առավոտյան ժամը 11-ին մոտ Աղավնատուն գյուղում ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ 64-ամյա կնոջն ինքն էր իրացրել թմրամիջոցները:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: