Նովոսիբիրսկում գազի պայթյունից զոհերի թիվը հասել է 13-ի

Եվս մեկ մահացածի դի են գտել Նովոսիբիրսկում 5 հարկանի շենքում կենցաղային գազի պայթյունից հետո։ Այս մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:

«Մահացածների թիվը հասել է 13-ի», – գործակալությանն ասել է աղբյուրը։ Ավելի վաղ տարածաշրջանի առողջապահության նախարարությունը հաստատել էր 12 մարդու մահ։ Եվս 9 մարդ վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ Նովոսիբիրսկի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պետ Վիկտոր Օռլովը նույնպես հաստատել է 13 մարդու մահը։ Օռլովը նաև հստակեցրել է, որ հիմքեր չկան կարծելու, թե այլ զոհեր կգտնվեն։ Նրա խոսքով՝ մահացածների աճյունների մի մասի ինքնությունը կպարզի ԴՆԹ փորձաքննությունը։

Բնակելի շենքի մասնակի փլուզման վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է 358 մարդ և 68 միավոր տեխնիկա։ Գազի պայթյունը տեղի ունեցել հինգշաբթի առավոտյան Նովոսիբիրսկի Զայելցովսկիի շրջանի Լինեյնայա փողոցի հինգհարկանի պանելային շենքում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Պայթյունի հետևանքով փլվել է երկու մուտք։ Շենքից հաջողվել Է տարհանել 50 մարդու։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 238 հոդվածով («Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում»): ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գործի հետաքննությունը հսկողության տակ է դրել։

Ուժայինները բերման են ենթարկել երկու անձի, ովքեր ներկայացել են որպես «Մեժռեգիոնգազ սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցներ։ Նրանք գազօջախների տեխնիկական սպասարկման աշխատանքներ են կատարել մի քանի բնակարաններում։ Փետրվարի 10-ին տարածաշրջանում սուգ է հայտարարվել։

Տեսանյութեր

Լրահոս