Արտադպրոցական կրթության ոլորտում կգործի հավելավճարների երեք սանդղակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երեկ ԱԺ լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով իր խոսքում ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտում անելիքները շատ են, ուստի առաջարկվող փոփոխություններով նախատեսում են ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ, որն արդեն իսկ գործում է հանրակրթության ոլորտում:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ՀՀ-ում գործում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն, որից 50-ը Երեւանում է, 190-ը՝ մարզերում, ինչպես նաեւ՝ 174 սպորտային կազմակերպություն: Տվյալ ուսհաստատություններում շուրջ 100 հազար երեխայի համար ուսուցումն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի հաստատած օրինակելի ուսումնական պլաններով: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում եւ ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5 հազար 99 ուսուցիչ, իսկ մարզական հաստատություններում՝ 2 հազար 100 մարզիչ-մանկավարժ:

«Տարիներ շարունակ տվյալ ոլորտների մանկավարժների աշխատավարձերը չեն փոփոխվել: Կազմակերպությունների մեծ մասը համայնքային է, ուստի նրանց վարձավճարները խիստ տարբերվում են միմյանցից, ինչը ոլորտի քաղաքականության տեսանկյունից նույնպես խնդիր է: Առաջարկված ծրագրով ոլորտում աշխատող մանկավարժներն ատեստավորման գործընթացում ներգրավվելու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում պետական բյուջեից հավելավճար կհատկացվի: Ես խիստ կարեւոր եմ համարում, որ պետական բյուջեի միջոցներով կարող ենք խրախուսել ոլորտի զարգացումը՝ միաժամանակ չխաթարելով այս կազմակերպությունների համայնքային բնույթը, ինչը շատ կարեւոր է համայնքների հզորացման եւ խոշորացման քաղաքականության տեսանկյունից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը եւ հավելել, որ նախատեսվում է առաջին փուլով ատեստավորման հնարավորություն ընձեռել երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսության առարկաների ուսուցիչներին, ինչպես նաեւ մարզադպրոցների ազատ ոճի, հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչ-մանկավարժներին՝ ընդհանուր շուրջ 2 հազար 352 մանկավարժի:

Անդրադառնալով հավելավճարների հարցին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է կիրառել հաստատված հավելավճարների սկզբունքը՝ հաշվի առնելով համայնքային կառույցներում առկա աշխատավարձերի տարբերությունը:

Այսպիսով՝ կգործի հավելավճարների երեք սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80 հազար 600 դրամ լրավճար (ներառյալ ԱԱՀ), 80-89 տոկոսի դեպքում՝ 111 հազար 500, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138 հազար 300 դրամ»:

Տեսանյութեր

Լրահոս