Բաժիններ՝

Ինդոնեզիայում պատանդ են վերցրել Susi Air ավիաընկերության ինքնաթիռի օդաչուին և ուղևորներին

Ինդոնեզիայի Susi Air ավիաընկերության ինքնաթիռի նորզելանդացի օդաչուն և նրա հինգ ուղևորները անջատողական զինյալների կողմից պատանդ են վերցվել Ինդոնեզիայի Արևմտյան Պապուայի նահանգում։

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտնել է, որ կառավարությունը «տեղյակ է իրավիճակին, և Ինդոնեզիայում Նոր Զելանդիայի դեսպանության աշխատակիցները աշխատում են այդ գործի շուրջ»: «Նրանք դեռևս ամբողջական տեղեկատվություն չեն հայտնել մեզ պատահարի և այն մասին, թե ինչ են անում իրավիճակը կարգավորելու համար, բայց մենք գիտենք, որ այդ գործով աշխատանք Է տարվում», – ասել է Հիփքինսը Radio New Zealand ռադիոկայանի եթերում: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ օդաչուի ընտանիքին հյուպատոսական աջակցություն է ցուցաբերվում, սակայն ձեռնպահ են մնացել հետագա մեկնաբանություններից՝ վկայակոչելով գաղտնիության մասին օրենքը:

Հաղորդվում է նաև, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Շարժում հանուն ազատ Պապուայի» անջատողական ​​կազմակերպության (Ինդոնեզիայում համարվում է ահաբեկչական կառույց) ռազմական թևը ՝ «Արևմտյան Պապուայի ազգային ազատագրական բանակը»՝ հայտարարելով, որ օդաչուն ազատ չի արձակվի այնքան ժամանակ, մինչև Ինդոնեզիայի կառավարությունը չճանաչի Արևմտյան Պապուայի անկախությունը:

Պարբերականը, մեջբերելով The Australian-ի հոդվածը, նշում է, որ ըստ անջատողական խմբի հայտարարության՝ օդաչուն պատանդ է վերցվել՝ «ի պատասխան այն աջակցության, որ արևմտյան երկրները, այդ թվում՝ Ավստրալիան և Նոր Զելանդիան տրամադրում են Ինդոնեզիայի անվտանգության ուժերին»: 1969 թվականին Ինդոնեզիան վերահսկողություն Է հաստատել Արևմտյան Նոր Գվինեայի տարածքի նկատմամբ և դրանից կազմել Արևմտյան Իրիանի նահանգը՝ ավելի ուշ այն բաժանելով երկու մասի՝ Պապուայի և Արևմտյան Պապուայի: 2019 թվականին Պապուայի և Արևմտյան Պապուայի նահանգներում տեղի են ունեցել անկարգություններ և բողոքի ցույցեր՝ ինքնորոշման հանրաքվե անցկացնելու պահանջով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս