Բաժիններ՝

Լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողներն արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողներն արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը:

Գրքի ստեղծման գաղափարի հեղինակը և կազմողը Ռուզաննա Բագրատունյանն է:

1991-1994 թթ․ ռազմաճակատի առաջին գծում, ռազմադաշտային շարժական և մշտական հոսպիտալներում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները յուրօրինակ առերեսում են պատերազմի հետ. պատերազմ՝ մարդկային դեմքով, մարդկային սրտով՝ առանց գունազարդումների, անկեղծ, պարզ, երբեմն էլ իրենց կատարածը թերագնահատելով՝ «բժշկի հերոսությունը զինվորի կյանքը փրկելն է» ասելով։ Իսկ նրանք փրկել են շատ կյանքեր։ Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված «Նրանց ժամանակը» ժողովածուն ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։

Այլ ժողովուրդների պատերազմների հետ Արցախյանն անհամեմատելի է, ամեն երկիր իր պատերազմն ունի՝ իր առանձնահատկություններով։ Ռազմական բուժծառայություն՝ որպես այդպիսին, չկար, կանոնավոր բանակ էլ չկար։ Ազատամարտիկների ջոկատներն էին ճակատի տարբեր հատվածներում մարտեր մղում։ Սակայն բանակի ձևավորմանը զուգահեռ՝ բուժծառայությունն էլ ռազմաբժշկության կազմակերպիչների շնորհիվ կանոնակարգվեց, համընթաց գործեց (հատկապես Շուշիի ազատագրումից հետո):

1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն հաղթանակի կերտման գործում։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետև բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։

Բուժաշխատողների պատմությունները գրքում հաճախ են խաչվում, նույնանում, որովհետև նրանք պատերազմի ժամանակ նույն դեպքերի ականատեսը, վկան ու մասնակիցն են եղել։ Հենց սա է փաստավավերագրությունը, երբ նույն պատմությունը պատմում են տարբեր մարդիկ։ Այսպես է ստեղծվում պատմական դեպքերի ժամանակագրությունը։

Ըստ էության՝ ոչնչից ստեղծվել է ռազմական բժշկություն։ Եվ միայն պատերազմից հետո այդ ոլորտն առանձնացվել ու զարգացել է որպես ռազմական գործից անբաժան կառույց։ Այդ համատեքստում անգնահատելի է արցախցի բժիշկ Վալերի Մարությանի ներդրումը, որի շնորհիվ էլ, փաստորեն, ստեղծվել են առաջին հոսպիտալներն ու դրվել ռազմական բժշկության հիմքը։ Բժիշկ Մարությանի և իր թիմի շնորհիվ Արցախյան պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալներում կատարվել է ավելի քան 11 հազար վիրահատություն, 8 հազար զինվոր վերադարձել է ռազմի դաշտ։

Ամենադժվար ու պատասխանատու գործն անում էին նրանք, ովքեր վիրավորին մարտի դաշտից հանում ու առաջին անհրաժեշտության օգնությունն էին ցույց տալիս՝ ցավազրկող ներարկում, վիրակապում: Այդ կերպ՝ վիրավորի ապրելու շանսերը մեծանում էին: Շատ պատասխանատու ու դժվար աշխատանք էր նաև վիրավորների տեսակավորումը՝ հոգեբանորեն անասելի ծանր գործ տվյալ բուժաշխատողի համար․ զինվորական բժշկության սահմանված կանոններից է՝ նախ բուժօգնություն ցուցաբերել այն վիրավոր զինվորին, որի ապրելու հնարավորությունն անհամեմատ ավելի մեծ է:

Հատկանշական է, որ պատերազմի ամբողջ ընթացքում կռվող բոլոր ջոկատներն իրենց կցված բուժանձնակազմ ունեին։ Նրանք տեղաշարժվում էին նաև բժշկական սարքավորումներով, բուժօգնության պարագաներով, դեղորայքով զինված մեքենաներով։ Վիրավորներին տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնություն էր ցուցաբերվում, հետո նրանք արագ տեղափոխվում էին դաշտային հոսպիտալներ կամ Ստեփանակերտ, Երևան։ Շարժական հոսպիտալները մարտի դաշտից ամենաշատը 1 կմ էին հեռու․ աշխատում էին կրակահերթերի տակ։

Ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել և ամենակարևորը՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերել և՛ վիրավոր ադրբեջանցի գերիներին, և՛ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները, հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ, թե բուժքույր առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։

Երեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կամ զոհվել է պատերազմի տարիներին, կամ մահացել պատերազմից հետո։ Բուժաշխատողների նախնական ցուցակը տրամադրել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, ռազմական բժիշկ, գնդապետ Սամվել Գևորգյանը, սակայն գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերը, այսպես ասած, կորել են, որոշները տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։

Հրատարակության հիմնական նպատակն էր գտնել բոլոր այն նվիրյալ բուժաշխատողներին, որոնք շարունակաբար (ամիսներ, տարիներ) եղել են ռազմադաշտի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում, գնահատել և արժևորել նրանց հերոսական աշխատանքը։ Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներն են ասում․ «Վերև՝ Աստված, ներքև՝ բժիշկը»։ Օրեր շարունակ վիրահատարանից դուրս չեկած բուժաշխատողները տեսել են պատերազմի ամբողջ սարսափն իրենց ձեռքերի մեջ։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ երբեմն չարժանանալով պարզ շնորհակալության։ Շատերի անունները չենք գտնի գրքերում ու հանրագիտարաններում, բայց նրանք դեռ սպասում են, որ մի օր կգա իրենց ժամանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս