Բաժիններ՝

Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում իրավիճակը ծանր է. սիրիական Կարմիր Մահիկն օգնություն է առաջարկել ընդդիմությանը

«Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է, որ հարյուրավոր մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ: Այս մասին հաղորդում է «Սպիտակ սաղավարտների» գրառումը Twitter-ում:

Խումբը հաղորդում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ավելի քան 790 զոհի և 2200 վիրավորի մասին՝ հավելելով, որ զոհերի թիվը զգալիորեն կավելանա:

CNN-ը հաղորդում է, որ Սիրիայի Արաբական Կարմիր Մահիկի կազմակերպության ղեկավար Խալեդ Հբուբաթին պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ի միջոցով անմիջապես օգնություն ուղարկել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ,այդ թվում՝ Իդլիբ: Կազմակերպությունը հիմնականում գործում է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում և տեղակայված է մայրաքաղաք Դամասկոսում:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով հազարավոր շենքեր են փլուզվել, այդ թվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ սա տարածաշրջանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն է վերջին գրեթե 100 տարվա ընթացքում: Էլդերը հավելել է, որ ամենախոցելին սիրիացի տեղահանված փախստականների ընտանիքներն են, որոնք բնակվում են երկրի հյուսիս-արևմուտքում՝ ժամանակավոր կացարաններում: Նրանց վիճակն է՛լ ավելի է բարդանում խոլերայի համաճարակի և եղանակային ցուրտ պայմանների պատճառով:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորներինը՝ 3649-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս