«Չեմ կարծում, թե այս ժամանակահատվածում իշխանությունները հիմնական ռեսուրսները կենտրոնացնում է այն ուղղությամբ, որն առաջնահերթ է». Տիգրան Աբրահամյանը՝ փակ քննարկման մասին

Այսօր ԱԺ փակ, հատուկ նիստում քննարկվել են Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։

Հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն է եղել, հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Զինված ուժերում ստեղծված իրավիճակին վերաբերող քննարկմանը մասնակցել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա թույլատրելի սահմանում որոշ մանրամասներ է հայտնել 168.am-ի հետ զրույցում:

«Հատուկ նիստում հիմնական զեկույցով հանդես է եկել «Հայաստան» խմբակցությունից մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը, ով նախապես զեկույց էր ներկայացրել Զինված ուժերում առկա իրավիճակի վերաբերյալ իր ուսումնասիրությունների, տարբեր փորձագետների, գործընկերների կազմած տեղեկանքի հիման վրա:

Դրան հետևել է հարցուպատասխան, որին իշխանություններից բավականին մեծ թվով ներկայացուցիչներ են հերթագրվել, հարցեր հնչեցրել, կարծում եմ, ոչ մեր հիմնական օրակարգային թեմային առնչվող: Եվ իրականության մեջ պաշտպանության նախարարի զեկույցի և հիմնական քննարկման շրջանակում խոսակցության համար բավականին քիչ ժամանակ է եղել:

Քննարկվել են հիմնականում մի քանի հարց, որոնցից մի մասը կրել է ինֆորմատիվ բնույթ, վիճակագրության տեսքով է ներկայացվել, իսկ մյուս մասը հնչել է հարցուպատասխանի ժամանակ, որտեղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարբեր ծրագրերի հետ կապված իր դիրքորոշումն է արտահայտել, որը գոնե իմ մոտեցումներից տարբերվել է:

Տպավորությունս այն է, որ հիմնական խնդիրները իշխանությունները մինչև վերջ չեն ընկալել, կամ իշխանությունն ունի իր սեփական պատկերացումները, որոնք այսօր երկրի առջև ծառացած մարտահրավերներին համահունչ չեն: Չեմ կարծում, թե այս ժամանակահատվածում իշխանությունները հիմնական ռեսուրսները կենտրոնացնում է այն ուղղությամբ, որն առաջնահերթ է»,- նշեց Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս