Ինչու չի հաջողվում կոնկրետ արդյունքների հասնել Լաչինի միջանցքի հարցում

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիան չափազանց մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ «Մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, որ մարդասիրական պարենային օգնություն հասցվի։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ Փարիզը ցանկանում և աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսմանը։

Ըստ Անն-Քլեր Լեժանդրի՝ հենց նախագահ Մակրոնի շանքերի շնորհիվ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցած տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում, որի ժամանակ որոշվեց Հայաստանի սահման ուղարկել Եվրամիության առաքելություն՝ լարվածությունը թուլացնելու և սահմանների նկատմամբ անձեռնմխելիությունն ապահովելու համար»։ Նա հավելել է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հստակ արտահայտված է։

168am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն անդրադառնալով ԵՄ-ի և Ֆրանսիայի ջանքերին Հարավային Կովկասում՝ ասաց, որ Եվրոպական միությունը Հարավային Կովկասում ազդեցության գործնական լծակներ չունի, սակայն փորձում է ձևավորել։

Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ չի հաջողվում կոնկրետ արդյունքների հասնել Լաչինի միջանցքի հարցում։

«Դրան խոչընդոտում է տեղում ռուսական ներկայությունը։ Ադրբեջանն ակնհայտորեն այս հարցերում չի ցանկանում համագործակցել Եվրոպական միության և հատկապես Ֆրանսիայի հետ, որը հայտարարությունների մակարդակով ավելի հայամետ դիրքավորում է զբաղեցնում։ Սա էր պատճառը նաև այն հանգամանքի, որ բանակցությունները Բրյուսելում չշարունակվեցին կամ մտան փակուղի։ ԵՄ-ն նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչպես նաև Հայաստանի հետ, ընդլայնված համագործակցություն էներգակիրների ոլորտում Ադրբեջանի հետ, սա էական հանգամանք է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին Արևմուտքի համար։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներ չսահմանելու հարցին, ապա ընդհանուր առմամբ պատժամիջոցներ որևէ երկրի նկատռմամբ սահմանելը ծայրահեղ քայլ է ԵՄ-ի համար, այն պետք է համաձայնեցված որոշում լինի անդամ բոլոր երկրների կողմից, իսկ դա անելը հեշտ չէ հատկապես այս իրավիճակում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը ԵՄ-ում ունի աջակից երկրներ։ Հենց այդ պատճառով Եվրահանձնաժողովն այս թեման չի զարգացնի, ունենալով նաև լավ համագործակցություն կողմերի հետ և դիտարկելով Ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմերի միջև լուծվելիք հարց։ Սա որքան էլ աշխարհի համար ներկայումս կարևորված է, ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից, այնուամենայնիվ այն միջազգային նշանակության հարց չէ»,- մեկնաբանեց վերլուծաբանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների համար առաջնային կարևորության թեման աշխարհաքաղաքական պայքարն է Ուկրաինայում և դրանով պայմանավորված անհրաժեշտ դիմակայությունն այլ ռեգիոններում։

Նա այն կարծիքին է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումն առանց Ադրբեջանի դիրքորոշման հետ համաձայնեցնելու՝ ևս կարևոր քայլ էր ԵՄ-ի կողմից։

«Իհարկե, այն նաև սպասարկում է՝ ինչպես ՀՀ, այնպես էլ՝ ԵՄ շահերը ռեգիոնում, սակայն անհանգստացնում է Ադրբեջանին։ Այս հարցում, օրինակ՝ կարևոր դերակատարություն ունեցավ Ֆրանսիան, որը, թվում է՝ ցանկանում է Հարավային Կովկասում դերակատար լինել, սակայն ռեսուրսը չի բավականացնում։ Բայց ինչպես կարելի է տեսնել, հավաքական նպատակաուղղված գործողությունները մի քանի կենտրոնների կողմից տալիս են որոշակի պտուղներ։ Իր դերն ունի այստեղ նաև Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և այն, որ քաղաքական ավանդույթները խարխլվում են, մեզ ծանոթ ձևաչափերը ռեգիոններում փոխվում են։

Այստեղ, իհարկե, ամենակարևորն այն է, որ փոքր ու թույլ սուբյեկտները չտուժեն, քանի որ անվտանգային նոր իրավիճակում հարվածի տակ հայտնվում են առաջին հերթին՝ նման սուբյեկտները»,- ասաց վերլուծաբանը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը։

Նա այն կարծիքին է, որ եթե Մոսկվան և Բաքուն չհամաձայնեն իրավիճակ, ներկայություն փոխել Ղարաբաղում, Արևմուտքի համար բարդ կլինի որևէ քայլ նախաձեռնել և հակամարտության, և ներկայումս ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

«Որովհետև այստեղ այլ կանոններ ու հարաբերությունների այլ համակարգ է հաստատված, եթե այն փլվի, Արևմուտքը կկարողանա ինչ-որ բան առաջարկել, բայց դրա նախանշանները չկան»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս