«ՀՅԴ գործիչների մուտքը Հայաստան արգելվել է Փաշինյանի մեքենայի վրա հարձակվելու համար». Զարեհ Սինանյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ-ական մի խումբ գործիչների մուտքը Հայաստան արգելվել է։

«Եթե կոնկրետ պատճառների մասին եք ուզում հարցնել, պետք է դիմեք ԱԱԾ-ին։ Բայց որքանով ես տեղյակ եմ, բոլոր մարդիկ, որոնք մուտքն արգելվել է, բոլորը կապված են մեկ միջադեպի հետ, մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա հարձակման համար»,- նշեց Զարեհ Սինանյանը։

Հարցին՝ այսինքն, ով փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել, պե՞տք է նրանց մուտքն արգելվի հայրենիք, Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ մանրամասներին տեղյակ չէ, պետք է դիմել ԱԱԾ-ին, բայց բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան։

«Բայց մեքենայի վրա ձու նետելը գրեթե որևէ տեղ ընդունելի բան չէ»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Լրագրողները Սինանյանին հիշեցրեցին, որ 2018 թվականից սկսած ներկայիս իշխանությունը տարբեր բնույթի բողոքի ակցիաներ է իրականացրել, այդ թվում՝ այցելում էին նախկին իշխանության ներկայացուցիչների տներ, դագաղներ տանում, բայց որևէ մեկն այդ բողոքողների մուտքը երկիր չարգելեց։

Սակայն Սինանյանը հստակ որևէ բան չպատասխանեց, միայն կրկնեց, որ Փաշինյանի մեքենայի վրա հարձակումը բողոքի անընդունելի ձև է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս