«Ո՞ր օրենքով է Գլխավոր դատախազը զեկուցում Փաշինյանին». Արծվիկ Մինասյանը՝ դատախազի տեղակալին

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որ վերաբերում էր դատախազության անկախությանը։

«Կարո՞ղ եք վկայակոչել օրենքի որևէ դրույթ, որն իրավունք է տալիս կամ, ավելի շուտ՝ պարտավորություն է սահմանում Գլխավոր դատախազին լինելու կառավարության նիստում, զեկույց տալու կառավարության ղեկավարին, եթե խոսում ենք անկախության մասին։ Արդյո՞ք այն կարգավորումները, որոնք բերել եք ԱԺ, նպաստելու են, որպեսզի անկախ լինեք։ Դուք այդպես էլ չվկայակոչեցիք գեթ մեկ շահերի բախման օրինակ։ Խնդրում եմ, եթե կա՝ ասեք, հակառակ դեպքում՝ դուք չեք տեսնում, որ միջանձնային հարաբերությունների հարց է»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանին ընդհատեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ հետաքրքրվելով, թե գուցե նա մի բան գիտի  ու չի՞ ասում իրենց։

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ որևէ բան չգիտի, սակայն գիտի, թե Անահիտ Մանասյանը որտեղ է աշխատել, ինչ գործունեություն է ծավալել, ինչով են  պայմանավորված եղել ներկա դատախազի և Ակադեմիայի ռեկտորի միջև հարաբերությունները, և սրանք բոլորը միջանձնային հարաբերությունների հարց են։

Կարդացեք նաև

«Հանգիստ կարող եք համացանցում փնտրել ու ամեն ինչ կտեսնեք»,- շեշտեց Ա. Մինասյանը։

Պատասխանելով Արծվիկ Մինասյանի բարձրացրած հարցերին, Անահիտ Մանասյանն ասաց, որ այդ հարցերին կպատասխանի, բայց ոչ պատգամավորի ոճով ու եզրաբանությամբ, այլ իրեն բնորոշ ոճով։

«Չխոսելով որևէ տեսակի միջանձնային ասպեկտի մասին, որովհետև կարծում եմ՝ թե՛ իմ, թե՛ այստեղ նստած ցանկացած գործընկերոջ ու լուրջ մասնագետի համար միջանձնային որևէ հարց՝ լինի դրական թե բացասական, որպես պաշտոնատար անձ, չի կարող ազդել որոշումների կայացման վրա։ Հետևաբար՝ նման հարցերի ընդհանրապես անդրադարձ չեմ կատարի, բացառությամբ մի փոքր ասպեկտի։

Սկսեմ պետական շահին վերաբերելի հարցերից՝ արդյո՞ք իմ տեսակետները դատախազությունում անցնելուց հետո և դրանից առաջ փոխվել են։ Առաջին հերթին ասեմ, որ Գլխավոր դատախազությունում ես զբաղեցնում եմ դատախազի տեղակալի պաշտոնը, այլ ոչ թե սերտ կապեր եմ ձեռք բերել դատախազության հետ, դրանք իրարից լիովին տարբերվող հարցեր են։

Կարծում եմ՝ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում են մասնագիտական հմտությունների, գիտելիքների արդյունքում»,- նշեց Անահիտ Մանասյանը։

Նա նաև ընդգծեց, որ հպարտությամբ է ասում, որ եղել է ինչ-որ ժամանակ, երբ ինքը զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը։

Ըստ էության, Անահիտ Մանասյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ո՞ր օրենքով է Գլխավոր դատախազը մասնակցում կառավարության նիստերին ու զեկուցում Փաշինյանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս