«Կալանավորված գերին դեռ թող սպասի. Ես զզվում եմ ձեզնից». Փաստաբանները պնդում են՝ Տիգրան Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմք կա
Երեկ իրավապաշտպան, փաստաբան, «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով զբաղվում է գերեվարումից վերադարձած ու կալանավորված զինծառայողների շահերի պաշտպանությամբ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ երեկ իրենց վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավորն էր Տիգրան Սիմոնյանը։
«Դատական նիստն էր… Կալանավորվելուց 50 օր հետո։ Բողոքը բերելուց 45 օր հետո։ Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։
Եվ ահա դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շաատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ)»,- գրել էր Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս տարակուսում է․ «Ի՞նչ է ստացվում։ Դատավոր Տ.Սիմոնյանը հունվարի 22-ին ստացել է գործը, նույնը օրն իմացել է, որ մեր ռազմագերու պաշտպանը ես եմ, և ձգել է վարույթը այնքան, որքան կարողացել է՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր շարունակ զրկելով իր կալանքի վերանայման իրավունքից։
Այդ ընթացքում նա մի ձևական նիստ է նշանակել՝ մեզ նամակ ուղարկելով այդ նիստի մասին նիստի ՀԱՋՈՐԴ օրը։
Այնինչ, նա կարող էր ինքնաբացարկ հայտնել հենց հունվարի 22-ին՝ գոնե մի փոքր հարգանք դրսևորելով դատավորի իր առաքելության նկատմամբ։
Հետևությունները թողնում եմ ընթերցողներին։
Հ․Գ. Մենք իրոք ընկերական հարաբերություններ ենք ունեցել, սակայն երբ Տիգրանը դարձել է նիկոլի քաղաքական թիմի անդամ (սոցապ փոխնախարար), ես նրա հետ որևէ շփում չեմ պահպանել»,- եզրափակել էր իրավապաշտպանը:
Այս գրառման ներքո շատ ուշագրավ մասնագիտական քննարկում էր ծավալվել: Փաստաբան Հովհաննես Խուդոյանին, օրինակ, հետաքրքիր էր՝ եթե ինքն այդ գրառումը նույնությամբ տեղադրի իր էջում, Տիգրան Սիմոնյանը կրկի՞ն ինքնաբացարկ կհայտնի:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ վստահ էր՝ դատավորի արարքում կան կարգապահական վարույթ հարուցելու բավարար հիմքեր:
«Ըստ «Դատական օրենսգրքի» 146-րդ հոդվածի՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներից են՝ անձի հաղորդումը (բանավոր կամ գրավոր սահմանված չէ) կամ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Ռուբեն Մելիքյանի գրառումը հրապարակային է, ակնհայտորեն պարունակում է կոպիտ կարգապահական խախտման հատկանիշներ: Դատավորը պարտավոր էր 27 օր առաջ հայտնել ինքնաբացարկ, այն է՝ վարույթ ընդունելու հետ միաժամանակ: Այդպիսի պրակտիկա իրացվել է հենց հատկապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բազմաթիվ գործերով»,- նշում է պատգամավորը:
Վերջինս պնդում է՝ դատավոր Տիգրան Սիմոնյանը ոչ միայն անհապաղ քննության ենթակա հարցը քննության է առել վարույթ ընդունելուց 27 օր հետո, այլ փաստացի զրկել է ադրբեջանական գերությունից վերադարձած ՀԱՅ ՄԱՐԴՈՒ արդար դատաքննության սեղմ ժամկետում իրացման իրավունքից:
«Ամփոփելով՝ արձանագրենք, որ տվյալ դեպքում առկա է մարդու իրավունքների հիմնարար խախտման և դատական իշխանության հեղինակազրկման էական կարգապահական խախտման փաստերը: Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի բոլոր հիմքերը կարգապահական վարույթ հարուցելու համար»,- նկատել է Արամ Վարդևանյանը:
Ուշագրավ է, որ Աշոտ Մինասյանի կալանավորման հետ կապված՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի մասին այդ օրերին բազմաթիվ գրառումներ եղան փաստաբանների կողմից:
Երվանդ Վարոսյանն մասնավորապես, իր էջում տեղադրելով դատավորի նկարը՝ գրել էր․ «Չգիտես՝ խի, ֆեյսբուքը որոշել է, թե ես կարող է ծանոթ լինեմ Աշոտ Երկաթին ապօրինի կալանավորող դատավորի հետ…
Չէ, ֆեյսբուք ջան, нет, no, ես նման կասկածելի ծանոթություններ չունեմ»:
Հետաքրքիր է, բոլոր այս փաստաբանների վստահորդների հարցերով քննության ժամանակ Տիգրան Սիմոնյանն ինքնաբացարկների շքե՞րթ է իրականացնելու…
Հովհաննես Խուդոյանը մի հանգամանքի վրա էլ էր բևեռել մասնագետների ուշադրությունը՝ նշելով, թե անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել՝ արդյո՞ք 27 օր ուշ ինքնաբացարկ հայտնելը պայմանավորված չի եղել հենց նշված բացասական վերաբերմունքով:
«Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը: Դատավորի վերաբերմունքը դատավարության մասնակցի հանդեպ, թերևս, ամենահարմար հիմքն է այս կարգավորման համար, քան թե, օրինակ, դեպքին ականատես լինելը կամ տնտեսական շահ ունենալը»,- նշել էր Հովհաննես Խուդոյանը:
Ի դեպ, Տիգրան Սիմոնյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ հայտնությանը 168.am-ն անդրադարձել էր ավելի վաղ: