Ե՛վ ապրիլյան պատերազմի հետևանքով, և՛ ընդհանուր առմամբ զինվորական ծառայության ժամանակ վերջույթներ չունեցող տղաները շատ են. դեկտեմբերի 25-ին դրամահավաք-մարաթոն կանցկացվի
Արցախյան պատերազմը դաժան փորձություն էր շատերի համար, և ճակատագրի նախանշած այդ ուղին անցնելու, չընկրկելու և ապագային հույսով նայելու գործում առաքելություն է ստանձնել «Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամը, որը պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած տղաների՝ պրոթեզավորման և վերականգնողական բուժման շնորհիվ նրանց լիարժեք կյանքի վերադառնալու հավատ է ներշնչել:
«Պատերազմի արդյունքում ոտքերը կորցրած մոտավորապես 125 հոգուց 75-ը պրոթեզավորվել է մեր հիմնադրամի կողմից: Ծրագրի շարունակականությունը շատ կարևոր է, քանի որ թանկարժեք պրոթեզները ենթադրում են նաև թանկ սպասարկում: Պրոթեզն ունի երեք տարվա կյանք, այսինքն, երեք տարի հետո պրոթեզը պետք է փոխարինվի: Ե՛վ ապրիլյան պատերազմի հետևանքով, և՛ ընդհանուր առմամբ զինվորական ծառայության ժամանակ վերջույթներ չունեցող տղաները շատ են: Ստույգ թիվը չեմ կարող բարձրաձայնել, բայց 250-200 հոգի ունի պրոթեզներ, բայց դրանք զիջում են այս գերֆունկցիոնալ պրոթեզներին, որոնք տրամադրվեցին այս պատերազմի զինհաշմանդամներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Աննա Մայիլյանը:
«Էրեբունի» ԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ պատերազմի օրերին բավականին մեծ աշխատանք է կատարել մեր առողջապահական համակարգը:
«Այս պատերազմը կտրականապես տարբերվում էր արցախյան առաջին պատերազմից, որովհետև լրիվ այլ են զենքերը, ռազմական գործողությունների ռազմավարությունը, և մենք ինչ-որ չափով պատրաստ չէինք նման դրսևորումների: Հիմա պետք է ճիշտ հետևություններ անել՝ ամփոփենք այս փորձը, որպեսզի, Աստված չանի, բայց մյուս պատերազմին պատրաստ լինենք: Այդ օրերին շատ լավ մասնագետներ եկան դրսից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և մեզ օգնեցին: Բավականին մեծ էր այդ օգնությունը, որովհետև արտակարգ իրավիճակներում ծայրահեղ լարված են աշխատում բոլոր բուժհիմնարկները: Իրոք կատարվեց ծավալուն և բավականին արդյունավետ աշխատանք, կողք կողքի աշխատեցինք տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ. և՛ մենք սովորեցինք, և՛ իրենք սովորելու բան ունեին, որովհետև նման պատերազմ ոչ ոք չէր տեսել:
Մենք արցախյան առաջին պատերազմ էինք տեսել, բայց արտերկրից եկած բժիշկների համար ռազմադաշտային վիրաբուժությունը ընդհանրապես իրենց ծանոթ չէր: Այդ սերտ համագործակցության շնորհիվ ձևավորվեց մի այսպիսի աշխատանքային մթնոլորտ, և մեր հավաքն այդ մթնոլորտի դրսևորումներից մեկն է: Կառուցվեցին շատ հետաքրքիր պլաններ, նախագծեր: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ նախագծերը հասցնենք իրենց տրամաբանական հանգուցալուծմանը: մեր ֆրանսիացի կոլեգաները, օրինակ, ասացին՝ այսօրվա դրությամբ աշխարհում ռազմադաշտային վիրաբուժության ամենամեծ փորձը դուք ունեք: Ցավոք սրտի….»,- նկատեց Արմեն Հովհաննիսյանը:
Բժշկի խոսքով՝ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առաջին հերթին հարկավոր են գրագետ կադրեր, կազմակերպչական ճիշտ միջոցառումներ, լուրջ ֆինանսներ:
«Էրեբունի» հիվանդանոց ընդունվեց, եթե չեմ սխալվում՝ 1200 վիրավոր, և միայն մեր՝ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքում բուժվեց 340 վիրավոր»,- հավելեց «Էրեբունի» ԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժական ծառայության ղեկավարը:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին տեղի կունենա «Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-մարաթոնը, որի նպատակն է՝ լիարժեք կյանքի վերադարձնել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինվորներին: