«Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչի են էդքանի մեջ հենց ինձ ընտրել». պատգամավորի եղբայրը՝ իրավապահների մասին

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին գյուղապետ Երվանդ Կարապետյանը 2014-2016թթ. իր պաշտոնավարման շրջանում թույլ է տվել պաշտոնեական դիրքի չարաշահում, ինչի արդյունքում գումարներ է շորթել համայնքային բյուջեից:

Պաշտոնական հաղորդագության մեջ մասնավորապես նշվում է, որ նախկին գյուղապետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016թթ. ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որից 1 մլն 170 հազար դրամը յուրացրել է, բացի այդ՝ ձևական մրցույթի անցկացումով փաստացի իրեն պատկանող 7 մլն դրամով գնված «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին շատ ավելի բարձր՝ շուկայականից թանկ գնով՝ 10 մլն 400 հազար դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ ձևակերպելով իբր համայնքի կարիքների համար: Արդյունքում, համայնքին պատճառել էր շուրջ 3․400․000 դրամի վնաս։

Նշենք, որ Ոստիկանության կողմից հանցագործության մեջ կասկածվող նախկին պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եղբայրն է:

Ի դեպ, նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Կարապետյանը իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, միևնույն ժամանակ չի բացառում, որ հենց եղբոր իշխանական դիրքին հարվածելու միտում կարող է ունենալ, հակառակ դեպքում, ասում է, չի պատկերացնում, թե ինչու է Հայաստանի 900-ից ավելի համայնքների մեջ հենց Չկալովկան թիրախավորվել, իր խոսքով՝ այսքան «փչած ճնշումներով սարքած գործով»: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը այն պատգամավորներից է, ով ժամանակին ներգրավված է եղել նախկին Կառավարության աշխատանքներում, և չնայած դրան, նախկին իշխանություններին մեղադրում է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներում, թեև հեղափությունից հետո հանդես է գալիս կոռուպցիայի դեմ անողոք պայքարի կոչերով:

Ինչևէ, Վարազդատ Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական նախկին գյուղապետը չի ընդունում, որ ինքը չարաշահում է թույլ տվել, համարում է, որ իրենց ընտանիքին վատություն անելու միտումով են իրենց դեմ գործ տվել: Զարմանում է, որ իշխանությունը իշխանական պատգամավորի եղբոր դեմ կարող էր քրեական գործով նյութեր նախապատրաստել.

«Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչի են էդքանի մեջ հենց ինձ ընտրել, ինչ են ուզում մեզնից: Մի բան կարամ ասեմ՝ էսի ձև ա, որ ինձ վատություն անեն, էսքան բան: Մի քանի հիշաչար գյուղացիք են իմ դեմ ցուցմունք տվել, էդ էլ կպարզվի, ես հանգիստ եմ:

Հենց նոր կարդացի իմ մասին Ոստիկանության հաղորդագրությունը ու զանգեցիք: Միանգամից ասեմ՝ հերքում եմ ամբողջ տեղեկատվությունը, թված դեպքերով մեղադրանքները ինձ հետ ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ: Զրպարտություն է, հերյուրանք՝ ծայրից ծայր»,- 168.am-ի հետ զրույցում իր մասին Ոստիկանության հաղորդագրությունը պարզաբանում է նախկին գյուղապետ Կարապետյանը և հավելում, որ նախաքննությունը կավարտվի, գործն էլ կփակվի՝ դատարան չի հասնի: Հետաքրքրական է այն, որ ներկայիս իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանի եղբայրը, ով նախկինում ՀՀԿ-ական է եղել և երկու անգամ գյուղապետ է դարձել ՀՀԿ-ի աջակցությամբ, հարազատ ՀՀԿ-ն լքել է հեղափոխությունից հետո, սակայն այսօր էլ չի հավատում նոր Հայաստանի իրավապահ համակարգի արդարությանը:

«Ես չգիտեմ՝ ում՝ ոնց են վախեցրել, ինչ են ասել, խաբել, որ գրեն իմ դեմ… էդ կատեգորիայի մարդիկ կան, բնական է, 8 տարվա գյուղապետ եղածս ժամանակ կլինեին մարդիկ, որ հետս չունեն, գնացել գյուղապետարանի վնասն են գտել: Բայց էդ սաղ գրվածները կպարզվի, բոլորը կհասկանան, որ երկու դրվագով էլ հորինած գործ է: Մարդիկ իրենց դրամական օգնությունը ստացել են հասցեական, իսկ ավտոմեքենան իմը չի եղել, ումից որ ձեռք է բերվել գյուղապետարանի կարիքների համար, հենց իր անունով է եղել, փաստերը կան»,- հավաստիացնում է Երվանդ Կարապետյանը:

Ինքը արտակարգ վիճակում լավ մեքենա էր, այդ ժամանակ 30 հազար դոլար արժեր շուկայում, իսկ ես այն գնել եմ ընդամենը 10 մլն 400 հազար դրամով»,- մանրամասնում է նախկին գյուղապետը՝ պնդելով, որ գույքն իրենը չի եղել և գործարքում չկան կեղծիքներ: Իսկ որքանո՞վ էր արդարացված 10 միլիոնանոց մեքենայի գնումը մի գյուղապետարանի ծառայողական մեքենա դարձնելու համար, որի գյուղն ունի 150 տնտեսություն և ընդամենը 407 ընտրող: Մեր հարցի պատասխանը անսպասելի էր՝ «դա մի մեծ ճոխություն չէր»:

Հիշեցնենք՝ հենց նույն մոտիվներով մի քրեական գործ էլ հարուցվել է հեղափոխությունից հետո Մասիսի ԲԿ-ի ղեկավար Նունե Ավանեսյանի վրա: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վերջինիս մեղադրում էր այն բանում, որ ԲԿ-ի խնդիրները մի կողմ թողած տնօրենն իրեն թույլ էր տվել 9 մլն դրամանոց ճոխություն՝ վարկով ծառայողական մեքենա ձեռք բերելով և այն ձևակերպելով ԲԿ-ի միջոցների հաշվին:

Հետարքրքական է, որ, ինչպես գրում է Aysor.am-ը, Վարազդատ Կարապետյանի եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը, ով մինչ այդ առանց որևէ խոչընդոտի ընտրվում էր Չկալովկայի գյուղապետ, 2016-ին աշնանը պարտվել է համայնքի ղեկավարի ընտրություններում։ Իսկ դրանից երկու-երեք ամիս առաջ «Ծովածոց» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարությունից շինարարություն անելու թույլտվություններ է ստացել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ դատելով ամենայնից՝ չկալովկացիները պարզապես մերժել են նրան՝ գյուղատակի հողերը սեփականացնելու պատճառով։

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս