
Նեյմարը հայհոյանքով է պատասխանել «Բարսելոնա» վերադառնալու հարցին

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն այս օրերին Բարսելոնայում է: Ֆուտբոլիստը մեկնել է Բարսելոնա, որպեսզի լրացուցիչ ստուգումներ անցնի: Հիշեցնենք, որ Նեյմարը վնասել է աջ ոտքը և կարող է բացակայել երկար ժամանակ՝ անգամ մինչև մրցաշրջանի ավարտը:
Օդանավակայանում Նեյմարին սպասում էին լրագրողները: Նրանք մի քանի հարց են ուղղել Նեյմարին՝ կապված կատալոնական ակումբ վերադառնալու հետ: Նեյմարը բարկացել է, և հայհոյել՝ ասելով, որ իրեն հանգիստ թողնեն:
Հիշեցնենք, որ մամուլը ակտիվորեն քննարկում էր, որ Նեյմարը դեռևս ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
AS-ի տեղեկություններով՝ բրազիլացին դեռևս ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ և ամեն կերպ փորձում է դա հասկացնել կատալոնացիների ղեկավարությանը: Կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Նեյմարը հաճախ զանգահարում է «Բարսելոնայի» ղեկավարությանը:
«Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխումը դժվար կլինի իրականացնել: Այս տարվա ամռանը գնման հնարավորությունները չեն լինի, իսկ 2020 թվականին դա կարժենա 160 մլն եվրո՝ առանց բոնուսների:
Ակումբը հասկանում է, որ Նեյմարը ուժեղ կապ ունի քաղաքի և թիմի հետ, նա պահպանում է հարաբերությունները խաղացողների հետ և այցելում է թիմին ամեն անգամ, երբ մեկնում է Իսպանիա:
Նեյմարի տեղափոխության քիչ հավանական տարբերակներից մեկն այն է, որ Ուսման Դեմբելեն տեղափոխվի ՊՍԺ: Ֆրանսիական ակումբը ցանկանում է իր թիմը համալրել ֆրանսիացի ֆուտբոլիստներով:
Ըստ Mundo Deportivo-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի ամիս առաջ դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը, հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը հասկացել է, որ անգամ շատ մեծ աշխատավարձով և թիմում առաջատարը լինելու նախապայմանով, միևնույն է, չի կարող դուրս գալ Լիոնել Մեսսիի ստվերից:
«Բարսելոնայի» ղեկավարությունը, սակայն, չի շտապում վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին: Նեյմարին փոխարինելու համար կատալոնացիները գնել են Կոուտինիոյին և Դեմբելեին: Եթե «կապտանռնագույնները» ցանկանան վերադարձնել Նեյմարին, ապա պետք է վճարեն 222 միլիոն եվրո և ավելին:
Սիրարփի Աղաբաբյան