Բելգիայում փետրվարը սթափության ամիս են հայտարարել
Բելգիայում փետրվարը հերթական անգամ սթափության ամիս են հայտարարել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամում, որը հանդես է գալիս որպես ակցիայի կազմակերպիչ:
Ակցիայի մասնակից դառնալու համար ցանկացողներին առաջարկվել է համապատասխան գրանցում անցնել հիմնադրամի կայքում:
Ինչպես նշել են հիմնադրամում, 2018 թվականին համանման ակցիային մասնակցել է թագավորության բնակիչների (երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը 11,3 միլիոնից փոքր-ինչ ավելի է) շուրջ 18 տոկոսը: Անցյալ տարվա սթափության միամսյակի մասնակիցների 77 տոկոսը հայտարարել է, որ փետրվարի ընթացքում ոչ մի կաթիլ ալկոհոլ չի խմել, իսկ 83 տոկոսն այդ փորձը դրական է համարել:
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության տվյալների համաձայն, Բելգիայում նշվել է Արեւմտյան Եվրոպայի երկրների շրջանում ալկոհոլային խմիչքների օգտագործման ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան 12,6 լիտր՝ 15-ից բարձր տարիքի բնակչության մեկ շնչի հաշվով: RTBF հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ, ալկոհոլային խմիչք է օգտագործում Բելգիայի տասը բնակչից ութը, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրորդը չի սահմանափակվում շաբաթական 10 գավաթով:
Ոգելից խմիչքներով չափազանց տարվելն ամեն տարի Բելգիայի բնակչության 6 տոկոսի վաղաժամ մահվան պատճառ է դառնում, ավելի վաղ նշել է Derniere heure թերթը:
Ալկոհոլիզմի դեմ պայքարի եվրոպական ասոցիացիայի տվյալներով՝ Եվրամիության մոտավորապես 23 մլն քաղաքացիներ՝ բնակչության շուրջ 5 տոկոսը, տառապում է ալկոհոլային կախվածությունից:
Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԵՄ-ում ալկոհոլի չարաշահումից տարեկան մինչեւ 200 հազար մարդ է մահանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: