
Հանձնարարականները եղել են օրենքի շրջանակներում. ՀՀ ոստիկանության շտաբի պետը՝ մարտի 1-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական բաժնի պետ: Թերթի հետ զրույցում, սակայն, Ղուկասյանը պնդել է, որ մարտի 1-ի քրեական գործով իրեն ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել:
«Ես չեմ եղել ներգրավված արտաքին ծառայության մեջ: Այսինքն` այդ գործընթացներում չեմ եղել եւ իմ գործառույթները իրականացրել եմ եւ հանձնարարականները ստացել եմ շտաբի պետից»,- մեկնաբանել է նա:
Իսկ հարցին, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ է ստացել, Ղուկասյանը հստակ չի պատասխանել.
«Դուք հիմա մտնում եք մի ոլորտ, որտեղ ես իրավասու էլ չեմ բացահայտելու, թե ինչ հանձնարարականներ եմ ստացել: Համենայնդեպս, հանձնարարականները եղել են օրենքի շրջանակներում եւ դրանք կատարվել են օրենքի շրջանակներում»,- ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: