«Ոչ մի բան չի բացառվում». Նորիկյանը՝ ձևավորվող նոր կուսակցության մասին

«Հրապարակ» թերթը գրել էր, որ նոր մտավորականների, փաստաբանների, քաղաքագետների մի խումբ վերջին շրջանում պարբերաբար հանդիպում-քննարկումներ է հրավիրում։

«Հանդիպումներ ենք ունենում սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող ինտելեկտուալ, Հայաստանի ապագայի մասին ուրույն պատկերացում ունեցող, տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ոչ անտարբեր  անձանց հետ»,- հայտնել էր փաստաբան Նորայր Նորիկյանը։

168.am-ը կապ հաստատեց փաստաբանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք նոր ուժ է ձևավորվում:

«Ամեն օր էլ ընկերների հետ հանդիպում, քննարկում ենք մեր Հայաստանի ապագան, ներկա օրակարգը, առկա մարտահրավերները»,- նշեց Նորայր Նորիկյանը:

Հարցին՝ այսինքն, ամեն դեպքում կուսակցություն ստեղծելու մտադրություն ունեն, փաստաբանը պատասխանեց.

«Ոչ մի բան չեմ բացառում: Այս պահին, որպես ՀՀ քաղաքացի՝ իմ պատկերացումներն ունեմ՝ երկրի զարգացման,  հեռանկարի հետ կապված:  Ես իրավունք ունե՞մ մտածելու, դիրքորոշում հայտնելու, սեփական կարծիք ունենալու: Դե, հիմա այդ իրավունքն իրացնում ենք: Այս պահին ավելացնելու բան չունեմ: Ոչ մի բան չի բացառվում, այդ թվում՝ ակտիվ հանդես գալը:  Այժմ միայն քննարկումներ են, տեսնենք՝ արդյունքում ինչ դուրս կգա: Հիմա խմորվում է ինչ-որ վիճակ: Երբ  հետևություններ կանենք, կհասկանանք, որ ասելիք ունենք, կներկայացնենք: Դեռ այդ պահը չի հասունացել»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս