«Հիմա ասող կա, ես եմ այդ ասողը». ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական կառավարման ներքո, սակայն սա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։
«Ինչ է նշանակում՝ նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ այդ ուժային կառույցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակի կուսակցականացվելու է։ Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է, այսինքն՝ այնտեղ փոփոխությունը, այդ թվում՝ կադրային, լինում է շատ բալանսավորված, որպեսզի համակարգի կայունությունը չխաթարվի և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի»,- այսօր ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը, որի արդյունքում որոշ նախարարություններ կկրճատվեն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ գործընթացը ցանկանում են իրականացնել առանց ցնցումների, և ոչ թե՝ դե յուրե որոշումը կայացնեն և դե ֆակտո սկսեն գործընթացը, այլ դե ֆակտո ամեն ինչ պլանավորել և դե յուրե գնալ գործընթացի իրականացման։
Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի արժեքային հավատամքն է, և սուպերվարչապետական համակարգից պետք է գնան բալանսավորման.
«Մարդիկ ուզում են, որ դա տեղի ունենա մեկ օրում, այո, մեկ օրում դա կարելի է անել, բայց կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, և երկրում հաստատվեց անիշխանություն։ Եկեք կոնկրետ ասենք՝ այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության և թափանցիկության համար, մեր պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ։ Այն, ինչ հեղափոխության հարթակից ասել ենք, դրանք մեր արժեքներն են, սկզբունքը, այնպես չէ, որ այժմ հասել ենք կառավարական կարգավիճակի ու ամեն ինչ հետ ենք շրջում։ Հնարավոր է՝ գործընթացներ լինեն, որ տևեն 3 տարի»։
Դիտարկմանը, որ իր պատգամավորության տարիներին հայտարարում էր, որ կառավարությանը պետք է «ասող լինի», Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա ասող կա, ես եմ այդ ասողը»:
Նաև հավելեց. «Կառավարությանը ասող կա, և այդ դերը ստանձնում է խորհրդարանը։ Տեսաք, երեկ տեղի ունեցավ աննախադեպ երևույթ, երբ խորհրդարանի մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանում ստացավ»։
Խոսելով բարձր պարգևավճարների շուրջ բարձրացած աղմուկից, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այն լուրջ ճեղքում է կառավարման համակարգի թափանցիկության առումով. «Կառավարման համակարգն ունի մեկ կարևոր առանձնահատկություն, խնդիրները պետք է արձանագրել և լուծել այնպես, որպեսզի հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը չհանեն»։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ