Փաշինյանը ցավում է, որ Հայաստանում չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»-ը

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է տրանզիտային խողովակաշարի կառուցմամբ, այդ թվում՝ նաև Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։

«Հայաստանը հետաքրքրված է իր երկրի տարածքով տրանզիտային գազամուղ անցկացնելու հարցում, այդ թվում՝ նաև Ռուսաստանից»,- РБК հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե չի՞ պլանավորում արդյոք Հայաստանը միանալ այն երկրներին, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածությունը նվազեցնելու օգտին, ու այնպիսի նախագծեր, ինչպիսին «Հյուսիսային հոսք-2»-ն է, դիտարկում են՝ որպես իրենց սեփական անվտանգության համար սպառնալիք։

«Ցավոք, Հայաստանում այժմ չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2», իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում էլ կառուցեն ինչ-որ տրանզիտային խողովակաշար, որ Ա կետից Բ կետ կտեղափոխեր գազ կամ նավթ։ Այդ պատճառով էլ մենք շատ հետաքրքրված ենք այդպիսի նախագծերով»,- ասել է Փաշինյանը։

«Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է գազամուղի 2 ճյուղերի կառուցում՝ 55 միլիարդ խմ գազ ընդհանուր հզորությամբ՝ Ռուսաստանի ափերից, Բալթիկ ծովով մինչև Գերմանիա։ Կառույցի շինարարությունը գնահատվում է 9.5 միլիարդ եվրո։ Գործարկումը սպասվում է  մինչև 2019թ. ավարտը։ Գազամուղի շինարարության նախագծի օպերատորը Nord Stream 2 AG-ն է, որի միակ բաժնետերը «Գազպրոմն» է։

«Հյուսիսային հոսք-2»-ի գազամուղը կանցնի Ռուսաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի ու Դանիայի տարածքային ջրերով ու բացառիկ տնտեսական գոտիներով։ Այս երկրներից յուրաքանչյուրն իր համաձայնությունը պետք է տա այս նախագծի շինարարության ու շահագործման համար։ Բացի Դանիայից, ում հետ համաձայնեցումն ընթացքի մեջ է, մյուս երկրներն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։

ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության կոնվենցիայի համաձայն՝ այս հարցով խորհրդակցություններին մասնակցում են Լիտվան, Լատվիան, Էստոնիան ու Լեհաստանը, որոնց շահերը նույնպես կարող են շոշափվել այս նախագիծն իրականացնելիս։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը։

Տեսանյութեր

Լրահոս