Անցած տարում 1518 քաղաքացիներ ստացել են գործազուրկի կարգավիճակ. Սամվել Ավանեսյան
2018 թվականին, որպես աշխատանք փնտրող, ԱՀ աշխատանքի, սոիցալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում հաշվառվել է 1587 անձ, որից 1518-ը (1222՝ կանայք) ստացել է գործազուրկի կարգավիճակ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հանդիպումներ 694 գործատուների հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել են 703 թափուր աշխատատեղեր: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 140 անձ:
«Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրերն ուղղված են եղել բնակչության գործազրկության մակարդակի իջեցմանը, աշխատանք փնտրողների, մասնավորապես երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատողների իրավունքների օրենսդրական պաշտպանվածության ամրապնդմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը: Անցած տարում Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 24 գործատուներ՝ ներկայացնելով 490 թափուր աշխատատեղեր, ինչպես նաև ավելի քան 400 աշխատանք փնտրող քաղաքացիներ»,- նշել է Ս. Ավանեսյանը :
Նախարարի խոսքով՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով Արցախի 13 համայնքներում իրականացվել է 13 ծրագիր՝ 68 գործազուրկների ընդգրկմամբ:
«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով Մարտունի քաղաքում կազմակերպվել են դերձակի մասնագիտական ուսուցման դասընթացներ՝ 19 գործազուրկների մասնակցությամբ: Ծրագրի ավարտից հետո դասընթացներին մասնակցած քաղաքացիները ստացել են համապատասխան վկայականներ:
«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրով կնքվել են 5 եռակողմ պայմանագրեր: