«Կառավարությանը հորդորում եմ օր առաջ այս խայտառակ նախագիծը հանել շրջանառությունից». Փաստաբան
ՀՀ Ֆինանսների նախարարություն կողմից շրջանառության մեջ է դրվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փաստաբաններին տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն՝ վճարելու են 20% ավելացված արժեքի հարկ:
«ՀՀ փաստաբանության առջև նետված է արհեստական, շինծու մարտահրավեր: Այն ֆինանսատնտեսական առումով հիմնավորված չէ, նպատակ է հետապնդում ուղղակի փաստաբանական ինստիտուտը կազմալուծել կամ ամբողջովին մղել ստվերային դաշտ, կամ հասնել նրան, որ փաստաբանական ծառայությունների գները արհեստականորերն ուռճացվեն: Ավելին՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ վերջին 10 ամսվա ընթացքում միտումնավոր խնդիր է դրված՝ կազմալուծել փաստաբանական ինստիտուտը:
Փաստաբանների ուղղությամբ նետված անձնական վիրավորանքները, փաստաբանական ինստիտուտի դեմ այս ամբողջ արշավը մեկ նպատակ է հետապնդում՝ ուղղակի հեղինակազրկել աստիճանաբար կայացող փաստաբանական ինստիտուտը, իսկ ֆինանսապես գլխատելով էլ՝ հասնել այս կառույցի ամբողջովին ջլատմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ փաստաբանները լուրջ մարդիկ են, կարող են պաշտպանել իրենց իրավունքներն ու հասնել նրան, որ Հարկային օրենսգրքում տեղ գտած այս խայտառակ նորամուծությունը, նախագիծն ուղղակի դուրս բերվի շրջանառությունից:
«Չի կարելի արհեստականորեն, ինչ-որ հարաբերություններ կարգավորելու համար թվեր կրակել, վերջում դրանք մի փոքր նվազեցնել, իսկ արդյունքում ուղղակի փաստաբանական համայնքին դնել այնպիսի ծանր իրավիճակում, որը հնարավորություն կտա ճնշող մեծամասնությունը, կամ դադարեցնել գործունեությունը, կամ ամբողջովին ստվերային դաշտ մտնել, կամ էլ ճարահատյալ հոնորարների գները բարձրացնել՝ ի հաշիվ քաղաքացիների: Ես ուղղակի հորդորում եմ Կառավարությանը՝ օր առաջ այս խայտառակ նախագիծը հանել շրջանառությունից, և եթե խնդիր կա դաշտը կարգավորելու՝ թող բարի լինեն՝ փաստաբանական համայնքի հետ խորհրդակցեն, լինեն մասնագիտական վերլուծություններ, որպեսզի դաշտը կանոնակարգվի»,- նշեց փաստաբանը:
Նա հայտնեց, որ իրենց հետ նախապես քննարկումներ չեն եղել:
Նշենք, որ հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ:
Քննարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ նախագծի ընդունման դեպքում թանկանալու են փաստաբանական ծառայությունների գները, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով:
Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից, հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակն անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
Նրանք կարծում են, որ նախագիծը փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է, և պարզ չէ, թե ինչո՞ւ է ցածր շրջանառություն ունեցող տնտեսվարող հիշյալ սուբյեկտների նկատմամբ այլ հարկային ռեժիմ կիրառվելու:
Փաստաբանները նիստի ընթացքում որոշել են նաև իրականացնել հետևյալ գործողությունները՝
ա) Նախագիծը վիճելի դրույթներով ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառվելու դեպքում, նիստի օրը ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ իրականացնել խաղաղ բողոքի ակցիա,
բ) ՀՀ կառավարության կողմից Նախագիծը վիճելի դրույթներով ընդունվելու դեպքում 3 օր բողոքի ակցիա իրականացնել՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց,
գ) ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը վիճելի դրույթներով առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում 7 օր բողոքի ակցիա իրականացնել՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց,
դ) ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը վիճելի դրույթներով երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում անորոշ ժամկետով բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Անի Կարապետյան