Ի՞նչ առնչություն ունի Ծառուկյանի որդին արյունալի միջադեպի հետ, ի՞նչ հրաման է իջեցվել «վերևներից», և ինչո՞ւ են հեռացվել բարձրաստիճան ոստիկանները
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին, ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ՝ մահացած վիճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ըստ ԶԼՄ-ների՝ լեզվակռիվն ու վիճաբանությունը սկսվել են Աբովյան քաղաքում գտնվող վուլկանիզացման կետում, որը նախկինում պատկանում էր Գագիկ Ծառուկյանի սանիկ՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին։ Ժամանակին վուլկանիզացման կետը «Պալաչից» խլվել էր, ու այն աշխատեցնում էր «Բարեց Վահան» մականունով անձը։
Դեպքի օրը «Շշի Մելոյի» որդին՝ Շանթ Մանուկյանը, որը ձերբակալված է, իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տարել է այդ վուլկանիզացիան։ Տեղում ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվել, մասնակիցները կատարված միջադեպի մասին ներկայացրել են Նվեր Ծառուկյանին։ Վերջինս էլ իր թիկնազորին ուղարկել է դեպքի վայր՝ փորձելով պարզել հարաբերությունները։ Արդյունքում, վեճը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, հնչել են կրակոցներ։ Գործի էին դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ։ Սպանվածն Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն էր: Գործով արդեն կան 3 ձերբակալվածներ։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպի մասնակիցներից մի քանիսը «Շշի Մելո» մականվամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հարազատներից են եղել: Կրակոցների հետևանքով 7 անձինք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Նվեր Ծառուկյանին տեղի ունեցածը կազմակերպելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն, նա մի քանի ժամ շարունակ բացատրություն է տվել, սակայն որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով բաց է թողնվել։
Մեր տեղեկություններով՝ նա բաց է թողնվել «վերևներից» իջեցված հրահանգով։
Տարօրինակն այն է, որ միջադեպի մեղավորները բաց են թողնվել, իսկ աշխատանքից հեռացվել են Աբովյանի ոստիկանության պետը և մի քանի աշխատակիցներ։
Այս կապակցությամբ 168.am-ը դիմեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից հաստատեցին, որ զբաղեցրած պաշտոններից այսօր ազատվել են Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Ոստիկանության լրատվական ծառայությունից պաշտոններից հեռացման պատճառները չմանրամասնեցին, պարզապես նշեցին, որն ոստիկանությունում մշտապես լինում են կադրային փոփոխություններ։
Այնինչ, մեր տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից նրանց հեռացնելու փաստը կապված է հենց այս միջադեպի հետ։
Ի դեպ, այսօր այս մասին հրապարակում էր պատրաստել նաև 1in.am-ը, որին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է, և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»: