««Քայլողների» իշխանությունը մեծ հնարավորություն ունի 2020 թվականին Տոկիոյի խաղերում հաջողություններ գրանցել». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ նախորդ տարվա ապրիլին Հայաստանում ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ իշխանազավթում կամ հեղաշրջում։
Ինչ վերաբերում է վերջին 8 ամիսների ընթացքում իշխանության կողմից իրականացրած քայլերին, Շարմազանովը նշեց. «Այս տարի դրական քայլեր դժվար եմ տեսնում, բայց զգում եմ, որ 2020 թվականին կարող են ունենալ շատ լավ առաջընթաց։ Քանի որ ՀՀ վարչապետը խորհրդարան է բերել հիմնականում կամ մեծամասամբ «քայլողներին», կարծում եմ՝ նրա «քայլողների» իշխանությունը մեծ հնարավորություն ունի 2020 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերում հաջողություններ գրանցել»։

Նրա խոսքով՝ նոր իշխանությունները նաև լուրջ հաջողություններ են գրանցել «մարդ բռնելու» ոլորտում:

«Իհարկե, որոշ փոփոխություններ եղել են, օրինակ՝ որոշ մարդկանց գրպաններում՝ 2, 8, 10 միլիոնով։ Մարզպետներ են եղել, որ կիլոմետրն ու հեկտարն իրարից տարբերել են ու պարգևատրել իրենք իրենց»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ երբևէ պարգևավճար ստացե՞լ է, Շարմազանովը պատասխանեց, որ աշխատել է ու աշխատավարձ է ստացել.

«Երբ իմ արածի մեկ տոկոսը կանեն, այն ժամանակ թող մտածեն՝ պարգևավճար ստանա՞ն, թե՞ ոչ»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս