Սենատոր Արուշակովի հորը կասկածում են «Գազպրոմ»-ից 30 մլրդ ռուբլու գազ հափշտակելու մեջ
ՌԴ Հետաքննչական կոմիտեում (ՀԿ) հաստատել են սենատոր Ռաուֆ Արուշակովի հոր՝ Ռաուլ Արուշակովի ձերբակալումը. նրան կասկածում են «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի գազի հափշտակումներին մեղսակից լինելու մեջ:
«Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ռաուֆի հայրը՝ Ռաուլ Արուշակովը, որը, ինչպես գտնում Է հետաքննությունը, մեղսակից է մի քանի տարի շարունակ «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի բնական գազի հափշտակումներին»,-հայտնել է ՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Նրա խոսքով՝ ՀԿ-ն եւ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԿ) հետաքննչական գործողություններ են անցկացնում Մոսկվայում, Պետերբուրգում, Ստավրոպոլում, Մախաչկալայում, Նեվիննոմիսկում, Բուդյոնովսկում, Աստրախանում եւ այլ քաղաքներում:
«Պարզվում են ֆիգուրանտների հանցավոր գործունեության այլ էպիզոդներ, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք, հնարավոր է, մասնակից են հետաքննվող հանցագործություններին»,-հայտարարել է Պետրենկոն: Հունվարի 30-ին ավելի վաղ սենատոր Ռաուֆ Արուշակովը կալանավորվել է Դաշնության Խորհրդի փակ նիստի ժամանակ երկու սպանության եւ հանցախումբ կազմակերպելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա հայրը ձերբակալվել է Պետերբուրգում «Գազպրոմ»-ի գրասենյակներից մեկում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: