Իրանի հետ Եվրոպայի երկրների գործարքավարման ընկերությունը կգրանցվի Ֆրանսիայում. WSJ
Իրանի հետ ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Եվրոպայի երկրների առեւտրական հարաբերությունների պահպանման համար ֆինանսական գործարքավարությունների մեխանիզմը կստեղծվի արդեն մինչեւ հունվարի 31-ը կամ փետրվարի 1-ը: Հունվարի 29-ին այս մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Թերթի տվյալներով՝ Եվրոպայի երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններն արդեն սկսել են ընկերության գրանցման գործընթացը՝ վճարումների այն ուղու գործարկման համար, որը թույլ կտա Եվրոպայի եւ Իրանի ընկերությունների միջեւ ապրանքներ փոխանակել բարտերի սկզբունքով, այսինքն՝ առանց ուղղակի ֆինանսական գործարքավարությունների:
Նշվում է, որ ընկերությունը կգրանցվի Ֆրանսիայում, այն կգլխավորի Գերմանիայի ներկայացուցիչը, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները հանդես կգան որպես դրա բաժնետերեր: Թերթը նշում է, որ այդ միջոցները կոչված են կանխելու ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը նոր ընկերության նկատմամբ, քանի որ երեք երկրները Վաշինգտոնի ավանդական դաշնակիցներն են Եվրոպայում:
The Wall Street Journal-ը նաեւ տեղեկացնում է, որ Եվրամիության մի շարք այլ երկրներ հրաժարվել են դառնալ ընկերության բաժնետերեր՝ զգուշանալով ամերիկյան պատժամիջոցներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: