«Ի՞նչ է, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին քաղաքական սպանություններ չե՞ն եղել». Ալեքսանդր Մանասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, նկատեց, թե այնպես է ստացվում, որ այն մարդը, որ եկավ ու Հայաստանի տնտեսությունը փլատակներից հանեց՝ ձերբակալված է, իսկ այն մարդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկիրն այդ վիճակին էր հասցրել, նրա նկատմամբ ոչինչ տեղի չի ունեցել։
«Ի՞նչ է, իսկ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին քաղաքական սպանություններ չե՞ն եղել, ընդ որում՝ ոչ թե բողոքի ցույցերի պատճառով, օրինակ՝ Յուզբաշյանն իր այգում է սպանվել, Համբարձում Գալստյանը, Երկաթգծի պետը։ Այսինքն՝ մարդիկ իրենց խաղաղ կեցվածքով գնդակահարվել են՝ որպես պոտենցիալ քաղաքական հակառակորդներ։ Եկեք այս հարթության մեջ գնահատենք իրադրությունը՝ մեկը պետությունը բարձրացրել է և բանտարկված է, մյուսը պետությունը տապալել է և ազատության մեջ է»,- նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ ՀՀ առաջին նախագահն է Հայաստանը դրել կողոպուտային կապիտալիզմի ուղու վրա, և այն, ինչ ունենք, նրա կառավարման տարիների արդյունքն է։
«Իհարկե, Հայաստանում կողոպուտներ եղել են, Ռ. Քոչարյանից հետո՝ ավելի շատ, հետո տեսել են, որ ամեն ինչ կողոպտված է, սկսել են բյուջեն թալանել»,- եզրափակեց Ա. Մանասյանը։
Զվարթ Խաչատրյան