Բաժիններ՝

Համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30-ը կրկին հանցագործություն են կատարել

Նախորդ տարի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30-ը կրկին հանցագործություն են կատարել:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:

«Ոստիկանության պետի կողմից հանձնարարվել է, որպեսզի հսկողություն իրականացվի համաներմամբ ազատ արձակվածների նկատմամբ: Համաներմամբ ազատ է արձակվել 581 անձ, որից այսօրվա դրությամբ 30-ը կրկին կատարել են 42 հանցագործություն: Ընդ որում` 1 ավազակություն, 28 գողություն, որոնցից 10-ը՝ բնակարանային և այլն:

Հարցին, թե արդյոք կրկնահանցագործության և համաներումը փոխկապակցված երևույթնե՞ր են, Ղուկասյանը պատասխանեց, որ նման հետազոտություն Ոստիկանության կողմից իրականացվել է 10 տարի առաջ, և դրա արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարի առկա է լինում հանցագործությունների բավականին մեծ աճ:

«Կա այդպիսի կապ, բայց չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունն իրականացնում է հանցագործների նկատմամբ, սխալ մոտեցում է, և, կարծում եմ, նման անձինք ուղղակի պետք է գտնվեն տեսադաշտում և հսկողության տակ: Ցավոք, այսօրվա գործող օրենսդրությունը դեռևս հնարավորություն չի տալիս լիարժեք հսկողություն տակ պահելու այդ անձանց»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս