Պարզվում են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները. կան ձերբակալվածներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մի շարք մասնակիցների, շարժառիթի վերաբերյալ։ Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ։
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, կատարվել երկու տասնյակից ավելի խուզարկություններ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են ,դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական և բազմաթիվ այլ փորձաքննություններ, հարցաքննվել մի տասնյակ անձ, կատարվել բազմաթիվ առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։