«Չի կարելի խաբել և այդպես աշխատել. Իշխանությունները միկրոբիզնեսին հարկերից ազատում են փաստաբանների հաշվին»
«Եթե ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվի, ապա փաստաբանները մի քանի անգամ ավելացնելու են իրենց ծառայությունների արժեքը, քանի որ այդ նախագծով նրանք հարկվելու են ոչ թե՝ շրջանառության հարկով, այլ՝ ավելացված արժեքի հարկով՝ ԱԱՀ-ով, ինչը ենթադրում է, որ նրանց հարկային բեռը մի քանի անգամ ավելանալու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններին: Նա վստահեցնում է, որ այդ փոփոխությունների արդյունքում փաստաբանների վրա ավելանալու է հարկային բեռը։
«Սա ենթադրում է, որ ծառայությունների մատուցման արժեքը բարձրանալու է։ Քաղաքացիների մեծ մասը, ըստ էության, կժվարանան օգտվել փաստաբանական վճարովի ծառայություններից։ Այսինքն՝ փաստաբանների եկամուտները կնվազեն, և քաղաքացիների այն խավը, որն ունի սահմանափակ վճարունակություն՝ կզրկվի փաստաբանական որակյալ ծառայությունների մատուցման հնարավորությունից։ Բնականաբար, այդ փոփոխությունների հետևանքը բացասական է լինելու»,- ասաց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ տեղյակ չէ՝ զարգացած երկրներում, որտեղ փաստաբանական ծառայությունները դրված են բարձր մակարդակի վրա, կա՞ նման պրակտիկա, թե՞ ոչ։
Կ. Մեժլումյանի դիտարկմամբ՝ ցանկություն չկա շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ այդ փոփոխությունների հետևանքով կարող են առաջ գալ կոռուպցիոն ռիսկեր։
«Այլ բանի վրա եմ ցանկանում շեշտը դնել, այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, կարծես թե հեղափոխության արժեհամակարգի հետ որևէ առնչություն չունեն։
Նախ՝ 5 տոկոս շրջանառության հարկ մտցրեցին և մարդկանց ասացին, որ, եթե մաքուր հարկային դաշտում աշխատեն և 5 տոկոս հարկը վճարեն, ապա ամեն ինչ լավ կլինի։ Մարդիկ սկսեցին այդպես աշխատել, սակայն հետո մարդկանց, կոպիտ ասած՝ «քցեցին, քանի որ, եթե մաքուր շրջանառությունը ցույց էին տվել, հիմա էլ պետք է անցնեին ԱԱՀ-ին։
Սա անվստահություն է առաջացնում պետության նկատմամբ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո, քարոզարշավի ժամանակ խոսում էին, որ միկրոբիզնեսին հարկերից ազատելու են, սակայն որևէ ձևով խոսք չէր գնում այն մասին, որ, օրինակ՝ դա լինելու է փաստաբանների հաշվին՝ վճարվելիք հարկերը մի քանի անգամ բարձրացնելով»,- շեշտեց Կարեն Մեժլումյանը։
Նա նաև նկատեց՝ այս փոփոխությունը հանկարծ տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ ավարտվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Այս փոփոխության հեղինակը ՀՀ ֆինանսների նախարարությունն է, նախարարը, որը հեղափոխության մասնակիցն է, չի հասկանում, որ չի կարելի խաբել և այդպես աշխատել։
Նրանք չէին ասում, թե միկրոբիզնեսին հարկերից ո՞ւմ հաշվին են ազատում։ Այս առումով իշխանություններին կոչ եմ անում ուշադիր լինել, ուստի չի կարելի խաբելով իշխանություն բանեցնել»,- նշեց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ, փաստաբաններից բացի, այդ փոփոխություններն անդրադառնալու են նաև հաշվապահների վրա, այս դեպքում ևս ծառայությունների մատուցումը կթանկանա և կավելանա թղթաբանությունը։
«Սա ենթադրում է, որ այս բարդ գործընթացում փաստաբանը պետք է օգտվի նաև հաշվապահի ծառայություններից, այսինքն՝ սա էլ վճարումների լրացուցիչ դաշտ է դառնում»,- ընդգծեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ այս բոլոր խնդիրների առնչությամբ Փաստաբանների պալատում պետք է քննարկում անցկացնեն՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է հարցը լուծվի։
Զվարթ Խաչատրյան