Բաժիններ՝

Ուկրաինական բանտում հայտնված ՀՀ խոշտանգվող քաղաքացիներին դատապաշտպան է անհրաժեշտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների:

Կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանի փոխանցմամբ՝ այսօր մտահոգ շատ մարդիկ հավաքվելու են Ուկրաինայի դեսպանատան առջև՝ նամակ հանձնելու համար:

«Նմանատիպ նամակ կուղարկենք նաև ՀՀ ԱԳՆ-ին, Արդարադատության նախարարությանը: Ուզում ենք, որ պետությունը զբաղվի այս հարցով: Տղաներին դատապաշտպան է անհրաժեշտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Մարգարյանը:

Նրա խոսքով՝ սփյուռքում արդեն ստորագրահավաք են սկսել՝ խոշտանգումները դադարեցնելու պահանջով:

Հավելենք, որ խնդրի հետ կապված 168.am-ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հորդորեցին, որպեսզի շահագրգիռ անձինք անպայման դիմեն ՀՀ ԱԳՆ, դիմում գրեն և նշեն հայտնի մանրամասները, որ դեսպանությունը փորձի գտնել նրանց:

Հիշեցնենք, որ հայերի և ադրբեջանցիների միջև վիճաբանություն տեղի է ունեցել մոտ 4 տարի առաջ՝ Ուկրաինայի Հերսոն քաղաքում: Վեճի հիմքում ադրբեջանցիների կողմից Ջուղայում մեր պատմամշակութային կոթողները վերացնելն է եղել: 4 տարի է, դատական գործընթացը շարունակվում է, դեռ վճիռ կայացված չէ:

Հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանի հաղորդմամբ՝  տեղի հայերը հանդիպել են ադրբեջանցիների հետ, վիճաբանել: Նրանցից մեկը՝ Սերգեյը, արմատներով Ջուղայից է: Վիճաբանության արդյունքում եղել է զոհ: Հայերի հետ եղել են նաև երկու ռուս և մեկ թալիշ:

«Բանտում մեր տղաները, 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման, «էլեկտրաշոկ» են կիրառում, հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկում: Ցանկանում ենք, որ մեր իշխանությունը հետամուտ լինի, նրանց տրամադրի փաստաբան»,- նշեց Սարգիս Տեր-Եսայանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս