Լոս Անջելեսի քաղաքագլուխը չի մասնակցի ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններին
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքագլուխ Էրիկ Գարսեթին, որը համարվում էր 2020 թվականին ԱՄՆ-ում նախագահական մրցարշավին մասնակցելու հավակնորդներից մեկը, պայքարի մեջ չի մտնի պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես որոշում եմ ընդունել չմասնակցել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար 2020 թվականի մրցարշավին»,- հայտարարել է Գարսեթին, որի խոսքը մեջբերում է Associated Press գործակալությունը:
Ինչպես ճշտել է քաղաքապետը, իր համար այս որոշումը դյուրին չի եղել, սակայն ինքը եկել է այն եզրակացության, որ ցանկանում է մնալ իր ներկայիս պաշտոնին: «Ես գիտակցեցի, որ սա այն է, ինչով ես պետք է զբաղվեմ,-ասել է նա՝ խոսելով քաղաքագլխի պաշտոնի մասին:-Սա այն տեղն է, որտեղ ես պետք է լինեմ»: Ամերիկյան ԶԼՄ-ները եւ մեկնաբանները քանիցս նշել են, որ 47-ամյա դեմոկրատ Գարսեթին նախագահական մրցավազքին մասնակցելու սպասվող հավակնորդներից մեկն է: Ինչպես հայտնել է Politico հրատարակությունը, քաղաքագլուխն, իրոք, հակվում էր այն բանին, որ մասնակցեր նախագահի պաշտոնի համար պայքարին:
Սակայն Լոս Անջելեսի ուսուցիչների՝ վերջերս տեղի ունեցած գործադուլը եւ նրանց արհմիության հետ բանակցություններ վարելը Գարսեթիից պահանջեցին զգալի ժամանակ եւ ռեսուրսներ, ինչի կապակցությամբ կասեցվել էր հնարավոր նախագահական ընտրարշավին նախապատրաստվելը:
Գարսեթին 2017 թվականի մարտին երկրորդ քառամյա ժամկետով հաջողությամբ վերընտրվեց Լոս Անջելեսի քաղաքագլխի պաշտոնում: Նույն այդ պաշտոնի համար պայքարին երրորդ անգամ մասնակցելու իրավունք, նահանգի օրենքների համաձայն, նա չունի: Դրա հետ մեկտեղ Գարսեթին ավելի վաղ արդեն հրաժարվել է Կալիֆոռնիայի նահանգապետի աթոռի համար պայքարելու հնարավորությունից: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: