
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:
Այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Գերմանիայի Քյոլն քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: