Ֆիլիպիններում պայթյուն է տեղի ունեցել մզկիթում, կան զոհեր
Առնվազն երկու մարդ է զոհվել եւ չորսը՝ վիրավորվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքի մզկիթի շենքում նռնակի պայթեցման հետեւանքով: Հունվարի 30-ին այս մասին հայտնել է Rappler նորությունների պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Պորտալի տվյալներով՝ անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի շենք, երբ այնտեղ էին գտնվում մահմեդական հոգեւոր առաջնորդներ:
Բոլոր տուժածներն անհապաղ հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում: Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, Ֆիլիպիններում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել պատարագից հետո Հոլո քաղաքի (Սուլուի նահանգ) մայր տաճարի մոտ: Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, տուժել՝ 111-ը: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: