Brexit. Համայնքների պալատը Թերեզա Մեյին հետ ուղարկեց Բրյուսել
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հունվարի 29-ին չկարողացավ Brexit-ի խնդրի որեւիցե նոր լուծում գտնել եւ պատվիրեց վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելում նոր բանակցություններ անցկացնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի շուրջ, բանակցություններ, որոնք ԵՄ-ն հրաժարվում էվերսկսել, տեղեկացնում է BBC-ին:
Համայնքների պալատը նախօրյակին քվեարկություն անցկացրեց Brexit-ի համաձայնագրի յոթ ուղղումների շուրջ եւ կարողացավ ընդունել միայն դեկլարատիվ բնույթի մեկ ուղղում ու եւս մեկը, որով վարչապետին հանձնարարվում է Եվրամիությունից հասնել հյուսիսիռլանդական «բեքստոպի» մեխանիզմի վերանայման: Այն նախատեսում է, որ Օլսթերը ինքնաբերաբար Մաքսային միության եւ ԵՄ-ի միասնական շուկայի անդամը կմնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության հարցի շուրջ:
Այն անցնում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հետ միասին դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ եվրոպական հանրակցության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ: Հենց «բեքստոպի» թեմայի շուրջ տարաձայնությունները դարձան այն բանի պատճառը, որ հունվարի 15-ին բրիտանացի պատգամավորները վճռականորեն մերժեցին ԵՄ-ի հետ 585-էջանոց համաձայնագրի տեքստը:
«Այժմ մենք խորհրդարանի այդ մանդատով ձգտելու ենք իրավաբանորեն պարտավորեցնող փոփոխությունների հասնել Brexit-ի մասին համաձայնագրի տեքստում»,- ասել է Թերեզա Մեյը քվեարկությունից հետո: Մինչդեռ Եվրամիության պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ մտադիր չեն որեւէ փոփոխություն կատարել Brexit-ի մասին համաձայնագրում, որը մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքն է դարձել: