Հայտնի է մարդկության համար գլխավոր սպառնալիքը
Գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացությանը, որ մարդկության համար գլխավոր սպառնալիքներն են՝ ճարպակալման տարածումը, թերասնումը եւ կլիմայի փոփոխությունը: Միեւնույն ժամանակ այս խնդիրները փոխկապակցված են եւ ձեւավորում են այսպես կոչված գլոբալ սինդեմիա: Այդ մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:
Հետազոտողների կարծիքով, ճարպակալումը եւ թերասնումը ունեն միեւնույն պատճառը՝ պարենային համակարգի անկատարությունը եւ այն քաղաքականությունը, որն ուղղված է բացառապես տնտեսական աճին եւ անտեսում է առողջության համար վնասակար հետեւանքները:
Կլիմայի փոփոխությանը նպաստող գործոններն են՝ գյուղատնտեսական արդյունաբերությունը, որը սննդամթերք է արտադրում, տրանսպորտը, օգտակար հանածոների արդյունահանումը եւ էկոհամակարգի համար վնասակար հետեւանքների քամահրումը: Գլոբալ բոլոր երեք խնդիրների միավորումը կօգնի պայքարի մեթոդներ մշակել դրանք առաջացնող պատճառների, այդ թվում՝ քաղաքական «իներցիայի» դեմ, կարծում են մասնագետները:
Այդ իներցիան պայմանավորված է փոփոխությունների նկատմամբ հասարակական պահանջարկի բացակայությամբ, ոչ համարժեք քաղաքական որոշումներով, ինչպես նաեւ սննդամթերքի խոշորագույն արտադրողների շահերի առաջմղմամբ: Հետազոտության հեղինակները հանդես են գալիս գլոբալ պայմանագրի կնքման օգտին, որը կսահմանափակի կորպորացիաների ազդեցությունը, ինչպես նաեւ այն հասարակական շարժումների աջակցման ֆոնդ ստեղծելու օգտին, որոնք պահանջում ե քաղաքական միջոցներ ձեռնարկել: