Բանկի մասնաճյուղում ավազակային հարձակում գործած անձը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացի է
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղում առերևույթ ավազակային հարձակում կատարած անձը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացի է։
Հաղոսրդագրության մեջ նշված է. «Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին անհայտ անձը մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին, ապա, կացինը թափահարելով հարձակվել է նրա վրա և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է իրեն հանձնել գումար, սակայն բանկում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացի է` ծնված 1986 թվականին: Վերջինս հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: