
Ինքնակամ շինությունների վերաբերյալ նոր օրինագիծ է մշակվել

Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն քանդվել է:
Քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք: Հակառակ դեպքում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ այնուհետև օրինականացնել»,- ընդգծել է Մարությանը:
Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և ծխախոտի մնացորդը փողոց նետելու դեպքերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունն ու արձանագրվող յուրաքանչյուր դեպքի մասով վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել:
Հետևողական պայքար է տարվում նաև Երևանում փողոցային առևտրի վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է 21 դեպք: Երեկոյան հերթապահության արդյունքում հայտնաբերվել է 2 դեպք:
Անդրադառնալով թափառող կենդանիների, մասնավորապես անտուն շների խնդրին և քաղաքացիներից ստացվող ահազանգերին՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հարցին և արագացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ Սուրբ Սարգսի տոնը նշելու համար ամեն ինչ պատրաստ է: Միջոցառումներում կներգրավվեն քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները: