«Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում է բարեփոխումների լայնածավալ ծրագիր

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի հետ շրջել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:

Բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Հովհաննիսյանը ներկայացրել է հիվանդանոցում իր պաշտոնավարման՝ վերջին երկու ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները:

Ինչպես հաղորդում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, հիվանդանոցի հակասանիտարական իրավիճակից ձերբազատվելու և բուժօգնության որակյալ սպասարկում իրականացնելու նպատակով լուծվել է բժշկական կենտրոնում տարիներ շարունակ առկա ջրամատակարարման խնդիրը: «Այժմ հիվանդանոցն ապահովված է մշտական ջրով, և վերացել է պլաստիկի տարաներով ջուր հավաքելու «ավանդույթը»: Լվացքատան աշխատանքներն առավել մեծ ծավալներով և հաճախականությամբ իրականացնելու համար ձեռք է բերվել ևս մեկ լվացքի մեքենա, կառուցվել է չորանոց: Հին ծածկոցներն ու սպիտակեղենը փոխարինվել են նորերով, տեղադրվել են լուսադիոդային լամպեր, կարգավորվել է ջեռուցման համակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բակը ևս բարեկարգվել է: Կատարվել են ճանապարհի հարթեցման, ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներ, իրականացվել է շաբաթօրյակ, տարածքից հեռացվել է տարիներ շարունակ կուտակված աղբը, տեղադրվել են նոր աղբամաններ:

Շտապօգնության ծառայությունը հասանելի դարձնելու և պատշաճ մատուցելու նպատակով շուրջ երկու ամիս է, ավելացվել է ծառայության երկրորդ բրիգադը: Մեկ բրիգադը սպասարկում է Աշտարակ քաղաքի, մյուսը՝ հեռավոր գյուղերի բնակչությանը: Շտապօգնության մեքենաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և որակյալ մասնագետներով:

Վերանորոգվել են հիվանդանոցում առկա անսարք բժշկական սարքավորումները, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում երկու հիվանդասենյակ վերանորոգվել է, որոնցից մեկում կառուցվել է սանհանգույց, ևս մեկում շինարարական աշխատանքները շարունակվում են:

Հիվանդանոցի մանկական, ծննդօգնության, լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքներում, վիրահատարանում և այլ բաժիններ շրջայցից հետո նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջնահերթ վերազինել և վերանորոգել վիրահատարանը, ապա՝ բաժանմունքներում անմիթար վիճակում գտնվող հիվանդասենյակները:

Քննարկվել են նաև ջեռուցման հին մարտկոցները նորերով փոխարինելու, արևային էներգիայի օգտագործմանն անցնելու նպատակահարմարության հարցերը, որոնց կապակցությամբ մարզպետը հանձնարարել է հստակ հաշվարկել արդյունավետությունը՝ ներդրման ծախսերը և օգտագործված էներգիայի ակնկալվող խնայողությունների ծավալները:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա տասնօրյակում կրկին հանդիպել և առավել առարկայական մատնանշել խնդիրները, առանձնացնել գործնական քայլերի հաջորդականությունը, վերանորոգման ծավալները և ժամանակացույցը:

«Ֆեյսբուք»-ում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի էջի մեկ այլ գրառման մեջ նշված է, որ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է նվիրաբերվել սառնարան և գերժամանակակից ախտորոշիչ լաբորատոր սարքավորում:

Ըստ հաղորդագրության՝ այսուհետ նմուշների ջերմային պահպանման ստանդարտները չեն խախտվի, լաբորատոր հետազոտությունները կկատարվեն առավել մասնագիտացված, արդյունքները կլինեն ստույգ:

«Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել Աշտարակի տարածաշրջանի մանկապարտեզներում և դպրոցներում առաջին բուժօգնության պատշաճ ցուցաբերման համար նշված ուսումնական հաստատությունների բուժկետերին նվիրաբերել անհրաժեշտ պարագաներ:

Հիվանդանոցին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին։

Տեսանյութեր

Լրահոս