
Մնացականյանը և Հանը բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված մեծ առաջընթացը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 29-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով Հանձնակատար Յոհաննես Հանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը բարձր են գնահատել վերջին ամիսների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված բավական մեծ առաջընթացը՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով պարբերական երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները:
Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ՀՀ-ԵՄ բազմաշերտ օրակարգը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` որպես երկկողմ հարաբերությունները կարգավորող էական իրավական հիմքի կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ՀԸԳՀ-ն օգտակար գործիք է՝ խթանելու Հայաստանի կառավարության զարգացման օրակարգը՝ առանձնահատուկ շեշտադրում անելով երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդման վրա: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը կարևորել են ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի ընթացքում Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ ծավալված համապարփակ քննարկումները:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը համակարծիք են եղել, որ Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ հանգրվան է ամփոփելու նախաձեռնության ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործողությունները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին և Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հանձնակատար Հանին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: