«Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել». Լևոն Մնացականյանը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին նախարար, այժմ ԱԻՊ ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հրաժարվեց լրագրողների հետ զրույցում անդրադառնալ իր պաշտոնանկության մասին հարցին՝ ասելով, որ արդեն այդ ժամանակն անցել է:
Հարցին, թե նեղացած չէ՞ ՀՀ իշխանություններից, Լ. Մնացականյանն պատասխանեց. «Որ նեղացած լինեի, այստեղ չէի լինի»:
Նա հրաժարվեց խոսել նաև Սեյրան Օհանյանի հայտարարությունների մասին, մասնավորապես այն մասին, որ «Մարտի 1-ի» գործով փորձում են սեպ խրել բանակի ու հասարակության մեջ: Լ. Մնացականյանն ասաց, որ չի ցանկանում քաղաքականությունից խոսել:
«Եթե հարցեր կան իմ ներկա պաշտոնի հետ կապված, ապա խնդրեմ: Իսկ օրվա հետ կապված շնորհավորում եմ, մեր զինված ուժերին հաղթանակ եմ մաղթում»,- նշեց Մնացականյանը:
Հարցին, թե շատ է խոսվում «խաղաղություն տարածքների գնով» թեզի մասին, արդյոք դա խելամի՞տ թեզ է, Մնացականյանը պատասխանեց. «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է»: