Ռոնալդուին կարող են զրկել պետական պարգևներից
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է զրկվել պետական պարգևներից՝ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դը Սոզան:
Ռոնալդուն ստացել էր Մեծ խաչ պարգևը Պորտուգալիային մատուցած ծառայությունների համար այն ժամանակ, երբ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Ռոնալդուն նաև ունի շքանշան իր հայրենի Մադեյրա կղզուն մատուցած ծառայությունների համար:
«Օրենքը շատ պարզ է: Կանցլերը պետք է որոշի, թե արդյո՞ք այս իրադարձությունը բավարար հիմք է Ռոնալդուին մեդալներից զրկելու համար:
Պետք է թույլ տանք, որ նրանք, ովքեր ունենան անհրաժեշտ լիազորություն, որոշեն, թե արդյո՞ք այդ օրենքը կիրառելի է այս դեպքում»,- ասել է դո Սոզան:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն պետք է վճարի 18.8 միլիոն եվրո, ինչպես նաև պետք է պայմանականորեն ազատազրկվի 23 ամսով՝ հարկերից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ մամուլը գրում էր, որ Ռոնալդուն համաձայնության է եկել դատարանի հետ: Ըստ խոսակցությունների, 33-ամյա պորտուգալացին դատական նիստերի դահլիճում կխոստովանի, որ մեղավոր է և համաձայն է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Դատարանը Ռոնալդուին կճանաչի մեղավոր 14.7 միլիոն եվրո հարկերից խուսափելու համար: Ռոնալդուն արդեն իսկ վերադարձրել է 13.4 միլիոն եվրո:
Ըստ օրենքի՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր դատական նիստին, որպեսզի վավերացնի դատարանի հետ ձեռք բերված համաձայնությունը:
Ըստ համաձայնության՝ Ռոնալդուն հիմա չի ազատազրկվի, սակայն, եթե ևս մեկ անգամ Իսպանիայում խուսափի հարկերից, ապա կազատազրկվի երկար ժամկետով:
Առաջին դատական նիստը արդեն տեղի է ունեցել:
Սիրարփի Աղաբաբյան