«Պետք է բացառել քննչական մարմնի կամ այլ մարմինների ճնշումը Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրող փորձագետների վրա». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Այս դեպքը, ակնառու դարձրեց ոչ միայն ընտրովի արդարադատություն, այլև ընտրովի իրապաշտպաններ ունենալու փաստը։ Իհարկե, աննախադեպ է, երբ քրեակատարողական հիմնարկում անձը կարող է մահանալ հացադուլի հետևանքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նման իրավիճակը արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է։ Կարծում եմ, քննարկումներից զատ հիմա բոլորս ունենք կարևոր պատասխանատվություն՝ աչալուրջ հետևել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Մահվան հանգամանքների պաշտոնական պատասխանի համար։ Սա հույժ կարևոր է նաև ՄԻԵԴ-ում տուժողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։
Մասնավորապես՝ որտե՞ղ է կատարվելու փորձաքննությունը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ է արձանագրելու փորձաքննությունը»։
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը մահացել էր այսօր` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը (51 տարեկան):
Նա 2018–ի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր։