«Նաիրիտի» գործը 6-րդ վարչությունում է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ վարչապետի նախկին օգնական Արեն Մկրտչյանը «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սնանկության գործով չարաշահումների նյութերը փոխանցել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն): «Նաիրիտի» սնանկության կառավարիչը, հիշեցնենք, Կարեն Ասատրյանն է:
168.am-ի հետ զրույցում Ա.Մկրտչյանը հրաժարվեց ներկայացնել, թե ինչ չարաշահումներ է հայտնաբերել՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին: «Ուսումնասիրել եմ սնանկության գործընթացը, մասնավորապես՝ նոր տեղեկություններ կային, որ բարձրարժեք սարքավորումներ են վաճառվում իրականից մի քանի անգամ ավելի ցածր գներով, որը «Նաիրիտի» նախկին աշխատակիցների մտահոգությունն էր առաջացրել»,- ասաց Ա.Մկրտչյանը:
Ըստ նրա՝ այդ բարձրարժեք սարքավորումների դուրսգրումն ու վաճառքն անհնարին կդարձնի անգամ նոր ներդրողի պարագայում «Նաիրիտի» հնարավոր վերագործարկումը: Այժմ 6-րդ վարչությունը պետք է ստուգումներ իրականացնի, դեռևս նախաքննության փուլ է:
Ա.Մկրտչյանի խոսքով՝ եթե պարզվի, որ իրականում կան չարաշահումներ, ոստիկանությունը կհարուցի քրեական գործ: Հարցին, թե նախկինում «Նաիրիտում» տեղի ունեցած թալանի, օֆշորային սխեմաների ու գործարանը սնանկության հասցնելու հարցերին ինքը չէր հասցրել անդրադառնալ, բայց ապագայում հստակ տեղեկությունների դեպքում ևս քննություն կիրականացվի: