«Թուրքն ո՞վ է, որ գա, վրացու մոտ բարեխոսի, ասի՝ մեղք են, հաց չունեն ուտելու». Առևտրականները կրկին փակել են Բագրատաշենի մաքսային կետ տանող ճանապարհը
Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները հերթական անգամ փակել են Բագրատաշենի մաքսային կետ տանող ճանապարհը:
«Մեզ ասում են՝ 4 եվրոյով պետք է մաքսազերծեք ապրանքը, բայց, թե ինչի՞ համար, մենք էլ չգիտենք,-168.am-ի հետ զրույցում ասացին առևտրականները՝ հավելելով,- Այստեղ մաքսայինի պետն էր, թե տեղակալն էր, ասաց՝ ձեր խոսքն ինձ համար արժեք չունի: Հիմա փակել ենք ճանապարհը: Մենք Հայաստանի քաղաքացի ենք ու Հայաստանում գերի ենք ընկել: Մեր անձնագրերը մաքսակետում վերցրել՝ չեն թողնում սահմանից դուրս գանք: Առևտուր են անում՝ ասում են՝ մաքսատուրքը մուծեք, անցեք: Այստեղ գիտե՞ք, թե որն է խնդիրը: Երբ որ բեռնատարների տերերը ելան ու բարձրաձայնեցին՝ ասելով, թե՝ մենք այսքան գումար կտանք բյուջեին, մանր ավտոբուսներին չթողեցին աշխատել: Մենք աշխատանք չունենք: Բեռնատարների տերերը որոշակի գումար են վճարում բյուջե ու անցնում, իսկ մեզ չեն թողնում աշխատել: Ո՞նց ընտանիք պահենք: Մեկը ուսանող ունի, մեկը՝ բանակում ծառայող, մյուսն էլ հիվանդ է պահում: Թուրքն ո՞վ է, որ գա, վրացու մոտ բարեխոսի, ասի՝ մեղք են, հաց չունեն ուտելու՝ ճանապարհեք, թող գնան: Մեր շարքերում նաև կանայք կան, քանի օր է՝ այս փողոցներում ենք»:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
Անի Կարապետյան